ABNews

Որ քաղաքական ուժերը Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն

Լուրեր | 2026/05/14 14:46

Որ քաղաքական ուժերը Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը հայտարարել է, որ Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում քաղաքական գովազդի տեղադրման գործընթացն իրականացվում է բացառապես գործող օրենսդրության շրջանակում՝ ապահովելով հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։ Ընկերությունից նշել են, որ այս պահին գովազդի հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակվել են Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում քաղաքական գովազդի տեղադրման վերաբերյալ մեկնաբանություններ և գնահատականներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կրում են զրպարտիչ բնույթ։

Տեղեկացնում ենք, որ ՀՀՌՑ ՓԲԸ-ն հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ընկերության պաշտոնական կայքում։

Քաղաքական գովազդի տեղադրման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հարթակում։

Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում քաղաքական գովազդի տեղադրումն ու ցուցադրումն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և գործող իրավական կարգավորումների պահանջներին համապատասխան։

Հայտարարությամբ հստակ սահմանվել է, որ գործող օրենսդրության շրջանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն ԲՈԼՈՐ քաղաքական ուժերը։ Այս պահին քաղաքական գովազդի տեղադրման հայտ է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Լիահույս ենք, որ առաջիկայում գովազդի տեղադրման հայտեր կներկայացնեն   նաև մյուս քաղաքական ուժերը։

ՀՀՌՑ ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը