Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
Լուրեր |
Փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց ինչպես ընթացիկ բարեփոխումները, այնպես էլ առաջիկա ծրագրերը՝ ընդգրկելով մաքսային վարչարարությունը, հարկային քաղաքականությունը, ստվերի դեմ պայքարը, միջազգային համագործակցությունը և տնտեսական հիմնական ցուցանիշները։
Հայ–թուրքական սահման. «Մարգարա» անցակետը պատրաստ է գործարկման
ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է ամբողջությամբ գործարկելու հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Նրա խոսքով՝ անցակետի ենթակառուցվածքները դեռ նախորդ տարի ամբողջությամբ պատրաստ են, վերազինված են, և ձևավորված է համապատասխան աշխատակազմը։
Հակոբյանը նշեց, որ թուրքական կողմի՝ «Ալիջան» անցակետում իրականացվող աշխատանքների մասին հայկական կողմը տեղեկացված է հանրային աղբյուրներից, և որ գործարկման հարցը կախված է արտաքին քաղաքական որոշումներից։ Ըստ նրա՝ համապատասխան ազդակների դեպքում ՊԵԿ-ը պատրաստ է ամբողջ ծավալով մատուցել սահմանային ծառայությունները։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ապագայում անհրաժեշտ կլինի գնահատել անցակետի միջոցով սպասվող հոսքերը՝ հասկանալու համար՝ արդյոք կա՞ ենթակառուցվածքների ընդլայնման կամ լրացուցիչ վերազինման կարիք։
Հայտարարագրում. ինչն է պարտադիր, ինչն՝ ոչ
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված չհարկվող եկամտի 300 հազար դրամի շեմի փոփոխության հարցը կդառնա հստակ նոր օրինագծով։
Վարկերի և ապառիկների վերաբերյալ Հակոբյանը շեշտեց, որ դրանք հայտարարագրում լրացնելը պարտադիր չէ։ Առավել կարևոր են ավանդներից, արժեթղթերից կամ առևտրային գործունեությունից ստացվող եկամուտները։
Նա ներկայացրեց նաև համակարգային կարևոր փոփոխություն․ բանկերից տվյալները ՊԵԿ-ը կստանա ավտոմատ, սակայն միայն այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնող քաղաքացին համակարգում տա իր համաձայնությունը։ Այդ դեպքում բանկը հաշվարկված եկամուտները ավտոմատ կփոխանցի ՊԵԿ-ին, և հայտարարագրի համապատասխան դաշտերը կլրացվեն ինքնաշխատ կերպով։
Հիշեցվեց, որ ԱԺ-ն 2025-ի հոկտեմբերին արդեն փոփոխություններ է կատարել «Հարկային օրենսգրքում»․ վարկերն ու փոխառությունները հանվել են պարտադիր հայտարարագրման դաշտերից, իսկ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները չեն ենթարկվում ոչ հայտարարագրման, ոչ հարկման։
«Թրամփի ուղի», ԵԱՏՄ և մաքսային ապագան
Անդրադառնալով այսպես կոչված «Թրամփի ուղուն»՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ այդ դեպքում ևս գործելու է մաքսային ծառայությունը, իսկ քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ամբողջությամբ կգործի միության իրավական համակարգը։
Նրա խոսքով՝ «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս» հասկացությունները մաքսային ծառայության ապագան են և նպատակ ունեն նվազեցնել մարդկանց միջև շփումները։ Նոր համակարգում բեռները կանցնեն ռենտգեն զննման, իսկ վերլուծությունը կիրականացվի կամ մասնագետների, կամ արհեստական բանականության միջոցով՝ ռիսկերի հիման վրա ընտրելով զննման ենթակա թիրախները։
Հակոբյանը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ստեղծվելու է կենտրոն, որը թույլ կտա խելացի մոնիտորինգ իրականացնել բոլոր ցամաքային անցակետերի ռենտգեն սարքերի նկատմամբ։
Միջազգային համագործակցություն և թվայնացում
Միջազգային համագործակցության ոլորտում ՊԵԿ նախագահը առանձնահատուկ կարևորեց Վրաստանի հետ համատեղ մաքսակետի նախագիծը՝ այն անվանելով ամենաէական նախաձեռնություններից մեկը։
Բացի այդ, Իրանի հետ ընթանում են աշխատանքներ պարզեցված մաքսային միջանցքի և նախնական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, իսկ Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի վարկի ստորագրումը ևս նշվեց որպես կարևոր քայլ։
Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ ներդրվելու է առցանց ՀԴՄ համակարգը, որը փուլային կերպով կփոխարինի գործող ՀԴՄ-ներին։
Ստվերի կրճատում. թվերը խոսում են
ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ ստվերային տնտեսության կրճատումը չափվում է մի շարք ցուցանիշներով, որոնք 2025-ին գրանցել են էական աճեր։ ՀԴՄ կտրոնների քանակը աճել է 18 տոկոսով, իսկ դրանց գումարը՝ մոտ 15 տոկոսով։
Անկանխիկ գործարքների մասով գրանցվել է քանակի 51.4 տոկոս և հասույթի 30.6 տոկոս աճ։ Արդյունքում անկանխիկի կշիռը առքուվաճառքի գործարքներում հասել է 29.5 տոկոսի քանակով և 37.4 տոկոսի՝ հասույթներով։
2025-ին բացահայտվել է 2756 չգրանցված աշխատող՝ մոտ 700-ով ավելի, քան 2024-ին։ Բացահայտված ստվերային շրջանառությունը կազմել է 363 միլիարդ դրամ՝ 44 տոկոս աճ, թաքցված առքը՝ 124 միլիարդ դրամ, իսկ վերականգնումը՝ 37 միլիարդ դրամ։
Հատկանշական է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը նվազել է 22 տոկոսով, ինչը, ըստ Հակոբյանի, վկայում է թվային հետախուզության գործիքների արդյունավետության աճի մասին։
Մաքսային բացահայտումներ և թմրամիջոցների դեմ պայքար
Մաքսային ոլորտում զննվող դեպքերի կշիռը իջել է մինչև 4.8 տոկոս՝ համապատասխանելով միջազգային ստանդարտներին։ Ինքնաշխատ բացթողնման համակարգի շնորհիվ ներմուծումների ավելի քան 8 տոկոսն իրականացվում է ավտոմատ կերպով։
ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև կոնկրետ խոշոր բացահայտումներ՝ շուրջ 31 միլիարդ դրամ ստվերային շրջանառությամբ սերվեր, դեղատնային ոլորտում և սպորտային ակումբներում խախտումներ, ինչպես նաև 250 ապօրինի ներմուծված տրանսպորտային միջոցների բացահայտում։
Սահմանային կետերում հայտնաբերվել է 166 կգ հերոին Ագարակի անցակետում և 1145 տոննա դիզելային վառելիք, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ռեկորդային հարկային եկամուտներ և աշխատատեղեր
2025-ին հարկային եկամուտները աճել են 14 տոկոսով կամ 334 միլիարդ դրամով՝ հասնելով 2 տրիլիոն 225 միլիարդ դրամի։ Թե ծրագիրը, թե ճշտված ծրագիրը գերակատարվել են։
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 1 տոկոսային կետով՝ հասնելով 24.5 տոկոսի, ինչը 2018-ից ի վեր երկրորդ ամենամեծ աճն է։ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ 2026-ի համար նախատեսված 25 տոկոսի թիրախին կհասնեն արդեն այս տարի։
Միաժամանակ հարկ վճարողներին վերադարձվել է 409 միլիարդ դրամ, այդ թվում՝ հիպոթեքային եկամտային հարկի գծով 95.6 միլիարդ դրամ։
2025-ի վերջի դրությամբ աշխատատեղերի քանակը հասել է 823 հազար, միջին եկամուտը՝ 401 400 դրամ։ Ըստ Հակոբյանի՝ այս արդյունքները հնարավոր են դարձել վարչարարության արդյունավետության բարձրացման և հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման շնորհիվ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.