Հայաստանից Շվեդիա ժամանող այցելուները հաճախ զարմանում են ոչ թե այն բանից, ինչ տեսնում են, այլ՝ նրանից ինչ չեն տեսնում․ ծխող մարդկանց։ Որտե՞ղ են նրանք։ Ինչո՞ւ այլևս գրեթե ոչ ոք չի ծխում։ Թվում է, որ թեև Շվեդիան յուրահատուկ օրինակ է, այն այնուամենայնիվ մաս է կազմում այն երկրների աճող խմբի, որոնք ծխելու դեմ պայքարը տարել են շատ ավելի հեռու՝ բժշկական խորհրդատվությունից, պատկերավոր առողջապահական նախազգուշացումներից և բարձր հարկերից։
Այս երկրների շարքում են Ճապոնիան, Իտալիան և Միացյալ Նահանգները, որոնք ընդունել են այլընտրանքային արտադրանքներ այն ծխողների համար, ովքեր չեն կարողանում թողնել՝ չնայած բոլոր ջանքերին։
Այս հարցերի շուրջ մենք զրուցել ենք Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ ընկերության Օրալ պրոդուկտների բաժնի նախագահ Նիք Ռիքեթսի հետ։
-Շվեդիան հաճախ է հիշատակվում որպես հաջողված օրինակ. ծխելու մակարդակը ցածր է, իսկ բերանի միջոցով (օրալ) օգտագործվող նիկոտինային արտադրանքները լայնորեն տարածված են։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, այդ հաջողության իրական գաղտնիքը։
-Բոլոր գործոնները միասին՝ կարգավորումը, նորարարությունը և մշակութային վերաբերմունքի փոփոխությունը։ Կարգավորումը հիմնաքար է, որովհետև շվեդական ռազմավարությունը միշտ հիմնված է եղել գիտության և ապացույցների վրա։ 1980-ականներին Շվեդիայում չափահաս բնակչության 35%-ն էր ծխում, այսօր՝ 5%։ Եվրոպայի մնացած մասում ցուցանիշները 20–40% միջակայքում են։ Պատճառը միայն սպառողի վարքագիծը չէ. կարգավորումն ու նորարարությունը զուգակցվել են մշակութային ճնշման հետ։ Շվեդիայում ծխելն ուղղակի «զիլ» բան չի համարվում։ Մոտ տասը տարի առաջ երկրում ներկայացվեցին նիկոտինային բարձիկները, որոնք ծանոթ ձևաչափ էին սնուս օգտագործողների համար, բայց չէին պարունակում ծխախոտ։ Շատերը ողջունեցին այդ անցումը, և արդյունքները խոսուն են։
- Հայաստանը Շվեդիա չէ։ Ինչպե՞ս եք պատկերացնում անծուխ արտադրանքների ապագան Հայաստանի նման երկրներում։
Ոչ մի պատճառ չկա, որ Հայաստանը նույն ճանապարհով չգնա։ Հարցն այն չէ՝ «կգնա՞, թե ոչ», այլ այն, թե դա «երբ» տեղի կունենա։ Այսօր ապրում ենք հիպերկապակցված աշխարհում։ Հայաստանի երիտասարդ չափահասներն ունեն սմարթֆոններ, ինտերնետ, կարդում են անգլերեն, տեսնում են, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մի պահ կհարցնեն. «Ինչո՞ւ այս արտադրանքները հասանելի են այլ երկրներում, բայց մեր երկրում՝ ոչ»։ Եվ վստահ եմ՝ կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք կտան նույն հարցը։ Սկիզբ դնելու համար անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն արտադրողների, լրատվամիջոցների ու կառավարության միջև, ինչպես նաև կրթական աշխատանք տվյալների հիման վրա։ Ես միշտ ասում եմ կարգավորողներին. «Չեմ խնդրում ինձ հավատալ. խնդրում եմ ստուգել»։
-Նիկոտինը հանրության շրջանում շատ բանավեճերի թեմա է։ Ինչպե՞ս եք դուք այն բնութագրում։
-Սա աշխարհի ամենաշատ թյուրըմբռնված մոլեկուլն է։ Մեկ բանի շուրջ բոլոր գիտական հանրությունը համաձայն է. նիկոտինը քաղցկեղածին չէ, այն կապ չունի քաղցկեղի հետ։ Այո, նիկոտինը հաճախեցնում է սրտի զարկերը, և սրտային խնդիրներ ունեցողների կամ հղիների համար այն խորհուրդ չի տրվում։ Բայց եթե ծխողն ուզում է նիկոտին, ապա ինչո՞ւ չտրամադրել այն այնպիսի ձևով, որ ծխելու կարիք չլինի։ Նիկոտինային բարձիկները պարունակում են սննդային կարգի բաղադրիչներ, համային հավելումներ և դեղագործական կարգի նիկոտին։ Թունավոր նյութերի մակարդակի առումով սիգարետի համեմատ դրանք 99,7%-ով ավելի ցածր ցուցանիշ ունեն։ Տրամաբանությունը պարզ է. նման արտադրանքը պետք է հասանելի լինի ծխողներին՝ ճիշտ կարգավորման ու չափանիշների շրջանակներում։
Գիտեք, սա շատ տաբու թեմա է։ Եվ ես միշտ փորձում եմ կոտրել այդ տաբուն։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք բաց և ազնիվ քննարկում նիկոտինի շուրջ։ Երբ 10 մարդու հարցնում եմ՝ ինչ է նիկոտինը, շատ հաճախ ստանում եմ 10 տարբեր պատասխան։ Ես միշտ ասում եմ՝ սա աշխարհի ամենաշատ սխալ հասկացված մոլեկուլն է։ Եվ դա նաև այն պատճառով, որ սոցիալական մեդիայի և այլ տեղեկատվական հարթակներում, ցավոք, շատ ապատեղեկատվություն կա նիկոտինի վերաբերյալ։
Մի շարք անկախ առողջապահական կազմակերպություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Հանրային առողջության թագավորական միությունը (Royal Society for Public Health) և ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA), հաստատել են, որ նիկոտինը, թեև կախվածություն է առաջացնում, սակայն ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը չէ։ Նիկոտինը բնական ալկալոիդ է, ուստի կարող է արագացնել սրտի աշխատանքը։ Այդ պատճառով, եթե ունեք սրտային խնդիրներ կամ հղի եք, պետք է խուսափել նիկոտինի օգտագործումից։ Սակայն նիկոտինը քաղցկեղածին չէ և այդպիսին չի դասակարգվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության կողմից։
Սա է ինձ համար ելակետը։ Եթե նիկոտինը քաղցկեղ չի առաջացնում, ապա ինչո՞ւ լինել նիկոտինի շուրջ նորարարության դեմ։ Մենք բոլորս պետք է բաց լինենք նիկոտինի ոլորտում նորարարությունների նկատմամբ։ Եթե ծխողը ծխում է, որովհետև ցանկանում է նիկոտին, ապա նրան պետք է տրամադրել նիկոտին այնպիսի ձևով, որ նա ստիպված չլինի ծխել։ Ճի՞շտ չէ։
Եթե նայենք նիկոտինի բարձիկներին, ապա դրանք պարունակում են սննդային բաղադրիչներ, համային հավելումներ և այլն, ինչպես նաև դեղագործական նիկոտին։ Եթե նայենք դրանց վնասակարությանը ի համեմատ սիգարետի, ապա այն մոտավորապես 99%-ով պակաս է։ Ինչո՞ւ նման արտադրանքը չպետք է թույլատրվի վաճառել ծխողներին որևէ երկրում։ Սա տրամաբանական չէ, չէ՞։ Ամենակարևորը՝ նման արտադրանքի վաճառքի համար անհրաժեշտ է ներդնել արտադրանքի հստակ ստանդարտներ՝ սահմանել նիկոտինի մակարդակների սահմանաչափեր, սահմանափակումներ դնել թույլատրելի բույրերի վրա։ Իհարկե, ես չէի ուզենա, որ նիկոտինի բարձիկները վաճառվեն մաստակի պես՝ օրինակ բաբլգամի համով կամ նման բաներով։
Ինչպիսի՞ն պետք է լինեն կոմերցիոն սահմանափակումները։
Նիկոտին պարունակող արտադրանքները չպետք է գրավիչ լինեն անչափահասների կամ այն մեծահասակների համար, ովքեր դրանք չեն օգտագործում։ Նպատակն այն է, որ այս արտադրանքները վաճառվեն միայն ծխողներին։ Հետևաբար, մեր բոլոր կոմերցիոն ծրագրերը ուղղված են հենց ծխողներին։ Սակայն դրա համար անհրաժեշտ են հստակ արտադրանքի ստանդարտներ։
Այսպիսով, մենք միշտ առաջարկում ենք այս ապրանքների շուկայավարման պատասխանատու եղանակ։ Կան բազմաթիվ օրինակներ, որտեղ նման ստանդարտներ արդեն կիրառվել են։ Շատ երկրներում՝ կարելի է ասել տասնյակ երկրներում, դրանք արդեն գործում են։ Եվ այնտեղ, որտեղ մենք կարողանում ենք առևտրայնացնել այս ապրանքները և հնարավորություն ունենք նաև կրթել սպառողներին, նկատում ենք շատ խրախուսող արդյունքներ։
Ո՞ր երկրի կարգավորիչ մոտեցումն եք համարում ամենախելամիտը։
Կարծում եմ՝ Իտալիան բավական հաջող է կազմակերպել տարբեր արտադրանքների կարգավորումը։ Դրանք բոլորն էլ դասակարգված են, և յուրաքանչյուրի համար սահմանված են համապատասխան արտադրանքի ստանդարտներ։ Կասեի՝ սա լավ օրինակ է։
Կնշեմ նաև Ճապոնիան՝ որպես մեկ այլ հաջող օրինակ։ Այնտեղ տաքացվող ծխախոտն ու նիկոտինի բարձիկները դասակարգված են որպես ծխախոտային արտադրանք, որպեսզի ապահովվի դրանց նկատմամբ վերահսկողություն, այդ թվում՝ գովազդի սահմանափակումների առումով։
ԱՄՆ մոտեցումն էլ շատ լավ օրինակ է, որտեղ բոլոր նորարարական արտադրանքները պետք է անցնեն Սննդի և դեղերի վարչության (FDA) խիստ գնահատման գործընթացով։ Փաստացի, անհրաժեշտ է ներկայացնել մեծ ծավալի գիտական տեղեկատվություն այդ արտադրանքների վերաբերյալ։ Այդ գիտական փաթեթի մաս է կազմում նաև հետազոտությունների ըմբռնումը, որոնք գնահատում են արտադրանքի հնարավոր գրավչությունը անչափահասների և երբևէ չօգտագործած անձանց համար։
Կարևոր է, որպեսզի մարդիկ այս արտադրանքը չընկալեն որպես ռիսկից զերծ։ Նիկոտինը, ակնհայտորեն, կախվածություն է առաջացնում, և մենք չենք ուզում, որ նիկոտին չօգտագործող մարդիկ հանկարծ սկսեն օգտագործել նման արտադրանքներ։
Ցավոք, կան նաև երկրներ, որտեղ որոշ արտադրանքի կատեգորիաներ պարզապես արգելված են։
Կա՞ն մտահոգություններ, որ կարգավորիչ չափանիշներին չհամապատասխանող էժան արտադրանքները կարող են վնասել ամբողջ ոլորտի հեղինակությանը։
Անօրինական կամ անորակ արտադրանքների առկայությունը գլոբալ խնդիր է, ոչ թե Հայաստանին հատուկ։ Ավելին, արգելքն այդ երևույթն ավելի է խորացնում, ոչ թե վերացնում։ Լավագույն պատասխանն այս մարտահրավերին թափանցիկ կարգավորումն է. կարգավորողները ուսումնասիրում են գիտությունը, ճանաչում արտադրանքը և սահմանում ճիշտ չափանիշներ։ Որտեղ կա թափանցիկ կարգավորում, այնտեղ ավելի հեշտ է կրթել սպառողին և նվազեցնել անորակ և ապօրինի արտադրանքի ազդեցությունը։

