Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքներին առնչվող հարցերը մշտապես գտնվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին նշել է ՄԻՊ խորհրդական Լիլիթ Հովհաննիսյանը։
Հարցումը վերաբերում էր այն մտահոգությանը, որ հրապարակված «դատավճիռներից» ավելի քան մեկ ամիս անց դրանք դեռ չեն տրամադրվել կալանավորված անձանց, ինչը կարող է խոչընդոտել բողոքարկման հնարավորությունը։
Պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ հարցը դիտարկվում է մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների շրջանակում՝ կարևորելով ինչպես անձանց, այնպես էլ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը։
Միաժամանակ ընդգծվել է, որ թեմայի զգայունության և «չվնասելու սկզբունքի» պահպանման նկատառումներով իրականացվող աշխատանքները կրում են խորհրդապահական բնույթ։
Պաշտպանի գրասենյակից հավելել են, որ հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում այն կներկայացվի լրացուցիչ։

