«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
Լուրեր |
Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ, գրում է «Հետք»-ը։
«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն (ընկերության իրավահաջորդն այժմ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերը Ջեյմս Թուֆենկյանը (10%) և «Թուֆենկյան հոլդինգս» ՍՊԸ-ն են (90%), 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության): Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:
2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել էր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բավարարել էր հայցը և դիմումն ուղարկել ստորադաս ատյան` ողջ ծավալով նոր քննության:
Ընկերությունը միաժամանակ դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում էին հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանի, այն հիմնավորված չէ:
Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում էր «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:
ՍԴ-ն 2025թ. դեկտմեբերին այս գործի վարույթը կարճել էր` անհիմն լինելու հիմնավորմամբ:
Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները 2026-ի փետրվարի 26-ին դիմել են ՄԻԵԴ: Խնդրել են ճանաչել կոնվենցիոն իրավունքների, այս դեպքում` սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները:
Հիշեցնենք` գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք էր բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի անց Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված հասցեների ցանկում ընդգրկվել է նաև Բուզանդի 32-ը, և գույքի վրա արգելանք է դրվել: Այն ընդգրկվել է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքների մեջ, որտեղ պետք է կառուցվեր «Հին Երևան» նախագիծը։ Այդպիսով ընկերությունն այլևս որևէ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում հաջորդել են գերակա շահ ճանաչելու մյուս որոշումները, և գույքի վրա մշտապես պահպանվել է արգելանքը, իսկ «Հին Երևանն» այդպես էլ չի կառուցվել:
Թուֆենկյանի փաստաբան Միքայել Դանիելյանը նշում է, որ ընկերությունը պատրաստ էր, այսօր էլ դեմ չէ խելամիտ փոխհատուցման դիմաց գույքը հանձնել կառուցապատողին: Իսկ կառուցապատողը, հիշեցնենք, Մարսելում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, գործարար Վարտան Սրմակեսի «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն է:
Քանի որ մինչեւ 2022 թվականը կառուցապատողը որևէ բանակցային գործընթաց չի նախաձեռնել գույքն օտարելու նպատակով, Թուֆենկյանը որոշել է իրավական գործընթաց սկսել:
2023 թվականի ապրիլին ընկերությունն, ի վերջո, գրավոր առաջարկ է ստացել կառուցապատողից 642 մլն դրամով գույքն իրացնելու վերաբերյալ (ներառյալ՝ օրենքով սահմանված 15 % հավելումն ու հարկերը):
Փոքր Կենտրոնում Բուզանդի 32 հասցեն 693 քմ տարածք է զբաղեցնում: Փաստաբան Դանիելյանն ասում է՝ բացառվում է, որ այն գնահատվի 1 քմ-ը 4000 դոլարից ցածր արժեքով: Դեռևս 2019-ին ընկերությունը գնահատում է պատվիրել լիցենզավորված «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ին, որը գույքն ամբողջությամբ գնահատել է 834 մլն դրամ: Դրան գումարելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի սահմանած 15 % հավելումն ու հարկերը՝ փոխհատուցման արժեքը դառնում է 1 մլրդ 350 մլն դրամ:
Նոր գնահատում` նոր արժեք
Այս տարվա փետրվարին Թուֆենկյանը նոր գնահատում է պատվիրել։ «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի նոր եզրակացությամբ ամրագրվել է, որ Բուզանդի 32 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը փետրվարի 20-ի դրությամբ 1 մլրդ 77 մլն 500 հազար դրամ է: Դրան ավելանում է գերակա շահի վերաբերյալ օրենքի 15% հավելումը, և գումարը դառնում է 1 մլրդ 239 մլն դրամ: Ավելացված արժեքի հարկը 247 մլն 825 հազար դրամ է, ևս 233 մլն դրամ` շահութահարկը: Այդպիսով, նոր գնահատմամբ՝ գույքի արժեքն էականորեն տարբերվում է կառուցապատողի առաջարկից:
Կառուցապատող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Թուֆենկյանն իր գույքը գնահատել է որպես գործող համալիր, այդ պատճառով գնահատումները տարբեր են։ Սակայն, մեզ տրամադրված եզրակացությամբ՝ այն գնահատվել է որպես առկա գույք` հողամասով և 4-րդ կարգի վթարային շինությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձ
2026/04/22/ 12:39 -
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները փոփոխվել են․ որքան կկազմի վճարը
2026/04/22/ 12:24 -
BRAND: GAGAT
2026/04/22/ 12:10 -
Meta-ն աշխատակիցների համակարգիչներում տեղադրում է գործողությունները հետևող ծրագիր
2026/04/22/ 11:31 -
ԵՄ 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցներին
2026/04/22/ 11:28 -
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․