Հոկտեմբերի 8-ի կարևոր լուրերը

Մակրոնը պատրաստվում է կարևոր հայտարարության

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հայտարարություն անել չորեքշաբթի երեկոյան՝ քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով։ Այս մասին գրում է Le Figaro թերթը։ Ըստ հրատարակության՝ խոսքը կարող է վերաբերվել Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարմանը։ Թերթը նշում է, որ այդ վարկածը հաստատվում է երեքշաբթի Մակրոնի մի շարք հանդիպումներով, որոնք անցկացվել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Թրամփը Կանադայի միացման գաղափար է առաջ քաշել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Կանադայի՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը։ Քարնին գնահատել է Թրամփի ձեռքբերումները՝ նշելով տնտեսական տրանսֆորմացիան, ՆԱՏՕ-ի ծախսերի աճը և միջնորդական հաջողությունները Հայաստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի ու Պակիստանի միջև։
Թրամփը արձագանքել է՝ «Կանադայի և Միացյալ Նահանգների միավորումը» արտահայտությամբ։ Քարնին ժպտալով նշել է, որ դա այն չէ, ինչ ինքը նկատի ուներ։ Հանդիպման ավարտին նա անդրադարձել է ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարեդարձին՝ ընդգծելով Իսրայելի աջակցության անհրաժեշտությունը։

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցմունք են տվել շուրջ 20 իբր «տուժողներ», որոնք պատմել են, թե ինչպես են վիրավորվել։
Վարդանյանը հարցրել է նրանցից մեկին՝ Խալիդ Հասանովին, արդյոք ճանաչո՞ւմ է իրեն։ Վերջինս պատասխանել է, որ ճանաչել է միայն մամուլից և սոցիալական ցանցերից։ Շինծու դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 14-ին։

Զինված հարձակում՝ Էկվադորի նախագահի ավտոշարասյան վրա

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը ենթարկվել է զինված հարձակման Կանյար կանտոնում։ Կրակոցները ուղղվել են այն մեքենաների վրա, որտեղ գտնվել են նախագահը և կառավարության այլ անդամներ։
Նոբոան ուղևորվում էր կեղտաջրերի մաքրման կայանի բացման արարողությանը։ Նախագահական վարչակազմը հայտնել է, որ հարձակման մասնակիցները ձերբակալվել են և կպատժվեն ահաբեկչության և սպանության փորձի հոդվածներով։

Մադրիդում շենքի փլուզման հետևանքով զոհվել է չորս մարդ

Մադրիդի կենտրոնում շինարարական վայրում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին։ Անհետ կորած է համարվում նաև 30-ամյա կին ճարտարապետը, որը փլուզման պահին գտնվել է առաջին հարկում։
Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ պարզելու պատահարի պատճառները։

Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին

ԱՄՆ-ում ոսկու գինը հասել է մեկ ունցիայի դիմաց 4000 դոլարի՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Գնի աճը պայմանավորված է ներդրողների աճող պահանջարկով, տոկոսադրույքների նվազման սպասումներով և դոլարի թուլացմամբ։

Ստամբուլում ձերբակալվել են հայտնի անձինք՝ թմրանյութերի գործով

Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել՝ ձերբակալելով մի շարք հայտնի երգիչների, բլոգերների և դերասանների։ Ձերբակալվածների թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն։ Նրանցից վերցվել են արյան նմուշներ՝ թմրանյութերի օգտագործումը պարզելու նպատակով։

Հրաբուխը Կամչատկայում մոխրի հսկայական ամպ է արձակել

Կամչատկայի «Շիվելուչ» հրաբուխը ծովի մակարդակից 5 կմ բարձրությամբ մոխրի ամպ է արձակել, որը տարածվել է Բերինգի ծովի վրա։ Հայտարարվել է ավիացիոն «նարնջագույն» տագնապ, ինչը նշանակում է՝ թռիչքները հրաբխի տարածքում արգելված են։

Դանիան արգելում է մինչև 15 տարեկանների մուտքը սոցցանցեր

Դանիայի վարչապետը հայտարարել է, որ նախատեսվում է արգելել 15 տարեկանից ցածր անձանց սոցիալական ցանցերի օգտագործումը՝ երեխաների հոգեկան առողջությունը պահպանելու նպատակով։
Նրա խոսքով՝ բջջային հեռախոսներն ու սոցիալական հարթակները «գողանում են երեխաների մանկությունը»։ Նշվել է, որ երկրում 11–19 տարեկան տղաների 60%-ը հազվադեպ է շփվում ընկերների հետ իրական կյանքում։

Միջազգային դատախազը՝ Ռուբեն Վարդանյանի գործի մասին

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կասկածի տակ է դրել ՄԱԿ-ի WGAD խմբի անաչառությունը Ռուբեն Վարդանյանի կալանքի հարցով։ Նա հայտարարել է, որ խմբի նախագահ Գաննա Յուդկիվսկան շահերի բախում ունի՝ լինելով Ադրբեջանի SOCAR ընկերության իրավաբանական ներկայացուցիչ։ Օկամպոն առաջարկել է գործը վերանայել նոր կազմով։

Ակցիա՝ Միքայել Աջապահյանի դատավճռի դեմ

Ազգային ժողովի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա «Սրբազանին դատողը Քրիստոսին խաչող է» խորագրով։ Մասնակիցները պահանջել են դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները՝ դրանք անվանելով սրբապղծություն։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել ընդդիմադիր ուժերին միավորվել։

ԱՀԿ-ն բարձրացրել է համաշխարհային առևտրի կանխատեսումը

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է 2025 թվականի առևտրի աճի կանխատեսումը՝ 0.9%-ից մինչև 2.4%։ Աճը պայմանավորված է արհեստական բանականության հետ կապված ապրանքների ծախսերի աճով և Հյուսիսային Ամերիկայից ներմուծման ծավալների ավելացմամբ։

Արցախի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրը շարունակվում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3020 տեղահանված ընտանիք, որոնցից 1044-ն արդեն իրացրել են այն։ Յուրաքանչյուր ընտանիքի անդամին տրամադրվում է 3–5 մլն դրամ աջակցություն։

Հայաստանի մետաղական արտադրության տվյալները

2025-ի հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 185.6 հազար տոննա պղնձի խտանյութ՝ 8.1%-ով պակաս, քան նախորդ տարի։
Ցինկի արտադրությունը աճել է 6.7%-ով՝ հասնելով 7.4 հազար տոննայի, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 13%-ով՝ կազմելով 9.9 հազար տոննա։

Mercedes-Benz-ի վաճառքների անկում

Mercedes-Benz ընկերության վաճառքները 2025-ի երրորդ եռամսյակում նվազել են 12%-ով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 1.6 միլիոն ավտոմեքենա՝ 9%-ով պակաս, քան նախորդ տարի։ Էլեկտրամեքենաների վաճառքն ընկել է 13%-ով։

Չինաստանի տնտեսական խթանման քաղաքականությունը

Չինաստանը 2025-ին շարունակել է մանրածախ վաճառքների խթանման ծրագրերը։ Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և Եվրոպա արտահանման աճը փոխհատուցել է ԱՄՆ արտահանման նվազումը։

Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի տնտեսության համար

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները՝ 2025-ին՝ 5.2%, 2026-ին՝ 4.9%, իսկ 2027-ին՝ 4.7%։

Սննդամթերքի գների բարձրացում Հայաստանում

Հունվար–սեպտեմբերին ձեթը թանկացել է 15.9%-ով, կարագը՝ 12.5%-ով, սուրճը՝ 14.2%-ով, հացը՝ 5%-ով։ Ընդհանուր գնաճը կազմել է 3.7%։

3000 մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

2023-ից ի վեր ՌԴ քաղաքացիությունից զրկվել է մոտ 3000 մարդ՝ հանցագործությունների կամ զինվորական հաշվառման պարտավորությունների խախտման պատճառով։

Ռուսաստանի միջազգային պահուստները՝ պատմական առավելագույնի վրա

ՌԴ միջազգային պահուստները հասել են 713.3 մլրդ դոլարի՝ աճելով 23.8 մլրդ-ով մեկ ամսում։ Սա պատմական բարձր ցուցանիշ է։

Փաստաբան Տաթև Սողոյանը՝ Արսեն Ղուկասյանի առողջության մասին

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Նա ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ, սակայն դատարանը անտեսել է այդ հանգամանքը։

Ռուսաստանում՝ ուկրաինական առաջադրանքների գործով ձերբակալություններ

ՌԴ-ում ձերբակալվել են մի քանի անձինք՝ ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքներ կատարելու կասկածանքով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում ահաբեկչության և պետական դավաճանության մեղադրանքներով։

Լարսի ավտոճանապարհին սահմանափակումներ

Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու որոշ հատվածներում կիրականացվեն փորման աշխատանքներ։ Երթևեկությունը կսահմանափակվի ամեն օր առավոտյան 6:00–10:00-ը։

Փաշինյանի ուղերձը՝ հանրապետությունների տարբերությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չորրորդ հանրապետությունը կառուցված է խաղաղության, ոչ թե կոնֆլիկտի վրա։ Նա ընդգծել է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը պետք է լինի անառարկելի և Հայաստանում պետք է ձևավորվի «մեր երազանքների հայրենիք»։

Խորվաթիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը

Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Գորդան Յանդրոկովիչը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և գնահատում է Ադրբեջանի տնտեսական առաջընթացը։

Իրանում՝ Ռաիսիի մահը դավադրություն էր՞

Իրանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին հայտարարել է, որ նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կործանումը կարող էր լինել նախապես պլանավորված դավադրություն, որին մասնակցել են Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը։

Ռոնալդուն՝ միլիարդատերերի ցուցակում

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է Bloomberg Billionaires Index-ում՝ 1.4 միլիարդ դոլար կարողությամբ։

Եկամուտների հայտարարագրման նոր պահանջներ

300,000 դրամը գերազանցող եկամուտ կամ փոխանցում ստացած քաղաքացիները պարտավոր են տեղեկություն ներկայացնել ՊԵԿ-ին։ Հակառակ դեպքում կսահմանվեն տուգանքներ։ Հատուկ խնդիր է առաջանում քեշբեքերի դեպքում՝ ուսման և բժշկական ծախսերի վերադարձների հետ կապված։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեղադրել է Ռուսաստանին՝ ԵՄ-ի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ՝ կոչ անելով եվրոպական երկրներին «արթնանալ» և արձագանքել նոր վտանգներին։

Ամուսնալուծությունների աճ, ամուսնությունների նվազում

Հայաստանում ամուսնալուծությունները 2025-ի հունվար–օգոստոսին աճել են 4.5%-ով՝ հասնելով 3,179-ի, իսկ ամուսնությունները նվազել են 13.6%-ով՝ կազմելով 8,985։ 1000 ամուսնությանը բաժին է ընկնում 354 ամուսնալուծություն։

Փաշինյանի այցը Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8–9-ին կմասնակցի Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային համաժողովին և կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։

Մակրոնի իմփիչմենթի միջնորդությունը մերժվել է

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն մերժել է Մակրոնի իմփիչմենթի միջնորդությունը՝ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ներկայացրած դիմումի հիմքերի բացակայության պատճառով։

Փաշինյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Նա շնորհակալություն է հայտնել ծառայողներին, ընդգծել պրոֆեսիոնալիզմի և բարոյական արժեքների կարևորությունը։ Նիստի ավարտին մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են հուշամեդալներով և շնորհակալագրերով։