Հոկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Արսեն Ղուկասյանի կալանավորումը՝ բողոքի ակցիայից հետո
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել էին անհայտ կորած զինծառայողների հարազատներից երկուսը՝ Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանը հետագայում ազատ է արձակվել, իսկ Արսեն Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Պուտին–Նեթանյահու հեռախոսազրույցը՝ Իրանի և Գազայի թեմայով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքի զարգացումները՝ Թրամփի Գազայի կարգավորման ծրագրի համատեքստում։
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի հիման վրա։ Նա նաև շնորհավորել է Իսրայելի ժողովրդին Սուկկոտ տոնի կապակցությամբ, իսկ Նեթանյահուն՝ Պուտինին ծննդյան օրվա առթիվ։
Իրանը՝ Իսրայելի սոցիալական քարոզչության մեղադրանքների մասին
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է․ «Մենք մարդկանց չենք վճարում սոցիալական ցանցերում ստեր տարածելու համար՝ ի տարբերություն Իսրայելի»։
Նրա այս գրառումը վերաբերում է Քվինսի ինստիտուտի զեկույցին, որի համաձայն՝ Իսրայելը վճարում է ազդեցիկ օգտատերերին մինչև 7000 դոլար՝ իշխանամետ գրառումների համար։ Զեկույցը մեծ արձագանք է առաջացրել միջազգային մակարդակով՝ հատկապես Գազայի իրադարձությունների ֆոնին։
Ձյան փոթորիկ Էվերեստի լանջին՝ հարյուրավոր լեռնագնացներ վտանգի մեջ
Էվերեստի արևելյան լանջին առատ ձյան պատճառով մոտ 1000 լեռնագնաց է արգելափակվել։ Ավելի քան 500 զբոսաշրջիկ արդեն փրկվել է, սակայն մնացածները դեռ գտնվում են լեռան վրա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են բարդ եղանակային պայմաններում։
Ֆրանսիայի կառավարության ճգնաժամը՝ հերթական հրաժարականներով
Ֆրանսիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բրունո Լը Մերը հրաժարական է տվել ընդդիմության քննադատությունից հետո։ Նախարարը նշել է, որ պաշտոնը ստանձնել էր պարտականության զգացումից ելնելով։
Նախկինում հրաժարական էր ներկայացրել նաև վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք շաբաթ անց։ Ֆրանսիայում կառավարական փոփոխությունները շարունակվում են։
Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման համարելով դա։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն և պետք է ծառայեն «կայուն խաղաղության հաստատմանը»։
Փարաքարի նոր համայնքապետը
Փարաքար համայնքի ավագանին արտահերթ նիստում նոր համայնքապետ է ընտրել Օնիկ Ախվերդյանին՝ «Միասնություն» դաշինքից։ Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի։
Բախումներ Հալեպում՝ քրդերի և կառավարական ուժերի միջև
Հալեպում տեղի են ունեցել կատաղի բախումներ քրդական խմբավորումների և սիրիական կառավարական ուժերի միջև։ Քրդերը հայտարարել են, որ բախումները սադրանքների և տանկերի առաջխաղացման փորձերի հետևանք են։
ԱՄՆ-ն հանդես է եկել միջնորդական նախաձեռնությամբ՝ կողմերի միջև փոխըմբռնման հասնելու նպատակով։
Իսրայել–ՀԱՄԱՍ բանակցություններ՝ Շարմ էլ-Շեյխում
Եգիպտոսի միջնորդությամբ Շարմ էլ-Շեյխում մեկնարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անուղղակի բանակցությունները՝ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած ծրագրի շրջանակում։
Ծրագիրը նախատեսում է Գազայում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում։ Ըստ տեղեկությունների՝ 48 իսրայելցի պատանդներից մոտ 20-ը դեռ ողջ են։
Քոչարյանի գնահատականը Վաշինգտոնի փաստաթղթի վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից օգտվել են բոլորը՝ բացի Հայաստանից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք, ԱՄՆ-ն՝ վերահսկողություն Իրանի սահմանի նկատմամբ, իսկ Հայաստանը՝ «ոչինչ»։
Քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը նախագործարկվել է
ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ 2026թ. հունվարից քաղաքացիության դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային համակարգի միջոցով։ Դիմորդները կարող են առցանց գրանցվել, լրացնել հայտերն ու ամրագրել այցելության օրեր՝ սկսած 2026թ. հունվարի 22-ից։
ԱՄՆ պետական պարտքի ռեկորդային աճ
ԱՄՆ պետական պարտքը երկու օրում աճել է 358 մլրդ դոլարով՝ գերազանցելով 37 տրիլիոնը։ Սա գրեթե հավասար է Ռուսաստանի ամբողջ պետական պարտքին։ ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ ամերիկյան պարտքը համաշխարհային տնտեսության համար լուրջ սպառնալիք է։
Իրանի նոր նավթագազային պաշարների հայտնաբերում
Իրանը հայտարարել է մոտ 10 տրիլիոն խորանարդ ֆուտ գազի նոր պաշարների հայտնաբերման մասին։ Փազան հանքավայրի շահագործման պայմանագիրը արդեն ստորագրվել է, իսկ արդյունահանումը կսկսվի 40 ամսվա ընթացքում։
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում բեռնատարների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից կսահմանվեն մաքսատուրքեր՝ միջին և ծանր բեռնատարների ներմուծման նկատմամբ՝ ազգային արտադրությունը խթանելու նպատակով։
ԵՄ-ն առաջարկում է պողպատի ներմուծման 50% սակագին
Եվրամիությունը նախատեսում է սահմանել 50% սակագին պողպատի ներմուծման համար՝ արդյունաբերությունը պաշտպանելու նպատակով։ Սա կարող է զգալի ազդեցություն ունենալ Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։
Գերեզմանաքարի վնասման միջադեպը՝ Փարաքարի գործի ֆոնին
Վնասվել է Գրիգոր Օհանյանի՝ Փարաքարի գործով անցնող Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանաքարը։ Ոստիկանությունը ձերբակալել է հինգ անձի։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
Ժաննա Անդրեասյանը՝ Ցեղասպանության հուշահամալիրում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներին։ Նախարարը շեշտել է որակի և ժամկետների պահպանման կարևորությունը։
Հայաստան–Կիպրոս պաշտպանական համագործակցություն
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «Ատոմ» նախագծից
Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է իր մասնակցությունը ռուսական «Ատոմ» էլեկտրական մեքենայի նախագծին։ Նրա բաժնեմասը կբաշխվի այլ համասեփականատերերի միջև։
Կիբեռոստիկանության նախազգուշացումը կեղծ աշխատանքի առաջարկների մասին
ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացրել է, որ զանգերի կենտրոններում առաջարկվող կեղծ աշխատանքները կարող են կապված լինել հանցավոր խմբերի հետ։ Քաղաքացիներին հորդորել են զգոն լինել և նման դեպքերի մասին հայտնել ոստիկանությանը։
ԱՄՆ Կոնգրեսում՝ պատժամիջոցների օրինագիծ Ադրբեջանի դեմ
Կոնգրեսականներ Դարել Իսան և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են «PEACE Act» օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։ Օրինագիծը կգործի յոթ տարի։
Բժշկական ուղղաթիռի կործանում՝ Սակրամենտոյում
Կալիֆոռնիայի մայրուղու վրա կործանվել է բժշկական ուղղաթիռ։ Երեք անձ՝ օդաչուն, բուժակն ու բուժքույրը, ծանր վիրավորվել են։ Մայրուղին ժամանակավորապես փակվել է։
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգությունը։
Առևտրի շրջանառության աճ Հայաստանում
Հայաստանում 2025-ի հունվար–օգոստոս ամիսներին առևտրի շրջանառությունը կազմել է 4 տրլն 140 մլրդ դրամ՝ աճելով 3.9%-ով։ Մանրածախ առևտուրը աճել է 4.6%-ով, մեծածախը՝ 3.4%-ով։
Ավտոմեքենաների վաճառքի 6% աճ
Նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների առևտուրը աճել է 6%-ով՝ կազմելով 163 մլրդ դրամ։ Աճը ներառում է ինչպես վաճառքը, այնպես էլ սպասարկման ծառայությունները։
Պարտատոմսերի շուկայի ակտիվություն
Սեպտեմբերին պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը հասել է 43.2 մլրդ դրամի՝ 24.1%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Երկրորդային շուկայում իրականացվել է 74 գործարք՝ 20 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։
Կոնյակի արտադրության նվազում
Հայկական կոնյակի արտադրությունը հունվար–օգոստոս ամիսներին կազմել է 8.3 մլն լիտր՝ նվազելով 34.4%-ով՝ 2024-ի համեմատ։
Ալիևը՝ խաղաղության և համագործակցության մասին
Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում Ալիևը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասը կվերածի համագործակցության տարածքի։ Նա նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը փակել է անցյալի էջը։
Էրեբունի-Երևան 2807 տոնակատարություն
Այս տարի Էրեբունի–Երևանը կնշվի երկու օր՝ հոկտեմբերի 11–12-ին։ Նախատեսված են երաժշտական փառատոններ, պարեր, մշակութային ծրագրեր և Թաթա Սիմոնյանի գալա համերգ։
Էրդողանը՝ խաղաղության գործընթացի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և կարևորում է թյուրքական պետությունների դերը տարածաշրջանի կայունության գործում։
Կառավարության արձագանքը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չի վերաբերում ՀՀ տարածքին։ Հայաստանի ներսում իրականացվում է միայն TRIPP նախագիծը։
Փաշինյանի նոր բանավեճի առաջարկը նախկին նախագահներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հրավիրել է երեք նախկին նախագահներին՝ ուղիղ եթերով բանավեճի։ Նախկին նախագահների գրասենյակները մերժել են առաջարկը։
Շաքիի ջրվեժի միջադեպի տուգանքը
Շաքիի ջրվեժում գենդեր փարթի իրականացրած քաղաքացին տուգանվել է 80 հազար դրամով՝ բնության պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։
Սերժ Սարգսյանի արձագանքը Քոչարյանի ասուլիսին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի դիտել Քոչարյանի ասուլիսը և չի կարող մեկնաբանել։ Նա նաև ասել է, որ Ալմա Աթայի հռչակագրի դերը բանակցություններում «զրոյական» է եղել։
Ֆինանսների նախարարի մեկնաբանությունը TRIPP ծրագրի մասին
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ԱՄՆ-ի խոստացած 145 մլն դոլարի առաջին տրանշը TRIPP նախագծի համար դեռ չի փոխանցվել։ Գումարը նախատեսված է ենթակառուցվածքների զարգացման համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/28 22:00
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/28 20:20
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/28 19:14
Նոր բաժին Idram&IDBank-ում
Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա:
-
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/11/28/ 22:00 -
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/11/28/ 20:20 -
Նոր բաժին Idram&IDBank-ում
2025/11/28/ 19:14 -
ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին
2025/11/28/ 19:12 -
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
2025/11/28/ 19:08 -
Ինչպես առաջնորդել, երբ ամեն ինչ ավելի ու ավելի է անկառավարելի դառնում
2025/11/28/ 19:00 -
Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
2025/11/28/ 17:50 -
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2025/11/28/ 17:03 -
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
2025/11/28/ 16:47 -
ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
2025/11/28/ 16:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․