Հոկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Հետընտրական լարված իրավիճակ Վրաստանում
Վրաստանում հետընտրական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Թբիլիսիում ընդդիմադիրները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան։ Նախագահական նստավայրի գրոհի կասեցված փորձից հետո իրավապահները հայտարարել են, որ ցանկացած ակցիա կդիտարկվի որպես գիշերային իրադարձությունների շարունակություն, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Եվրամիությունն էլ Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտման իրավունքը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՏԻՄ ընտրություններից և դրանց հաջորդած բողոքի ակցիաներից հետո։
Ուկրաինական անօդաչուների խոցումներ և հրդեհ Ղրիմում
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը խոցվել է 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Ղրիմում, Կուրսկում, Բելգորոդում և այլ շրջաններում։
Միևնույն ժամանակ, ուկրաինական հարվածներից հետո Թեոդոսիայի նավթային տերմինալում բռնկվել է հրդեհ։ «Крымский Ветер» Telegram ալիքի հաղորդմամբ՝ այրվել են նաև տերմինալին հարող շենքեր։ Սա Ղրիմի խոշորագույն նավթային բեռնատար համալիրն է։
Ձնաբուք Էվերեստի լանջին՝ հարյուրավոր մարդիկ թակարդում
Էվերեստի արևելյան լանջին ուժեղ ձյան և մրրիկների հետևանքով մոտ հազար մարդ է հայտնվել ձնե թակարդում։ Տեղաբնակներ և փրկարարական թիմեր են մոբիլիզացվել՝ մաքրելու ձնաբուքի կուտակումները։ Տարածքը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 4900 մետր բարձրության վրա։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն տեսանելիությունը շատ ցածր է՝ մեկ մետրից պակաս։ Որոշ վայրերում բուքը ամբողջությամբ ծածկել է զբոսաշրջիկների վրանները։
«Էմի» փոթորիկը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում
Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում մոլեգնող «Էմի» փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։
Քամու արագությունը հասել է մինչև 90 կմ/ժ, ինչի հետևանքով տապալվել են ծառեր, տանիքներ և մեքենաներ։ Իռլանդիայում շուրջ 184 հազար տնային տնտեսություն զրկվել է հոսանքից, Հյուսիսային Իռլանդիայում՝ 50 հազար։ Օդերևութաբանները նախազգուշացրել են նաև բարձր ալիքների վտանգի մասին։
Շինհրապարակների վերահսկողության խստացում Երևանում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում հայտարարել է, որ շինհրապարակները պատշաճ չկահավորելու դեպքում դա ազդելու է կառուցապատողների տուրքերի վրա։ Քաղաքապետը նաև անդրադարձել է քաղաքի օդի որակի վատթարացման խնդրին՝ նշելով, որ ամառային և աշնանային ամիսներին ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը։
Պուտինը քննադատում է Ուկրաինային հրթիռների մատակարարումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային Tomahawk տիպի մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու որոշումը։ Նրա խոսքով՝ նման քայլը կարող է հանգեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզման։
Փաշինյանի ուղերձը՝ դեզինֆորմացիայի վտանգի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Telegram ալիքում հրապարակած տեսանյութում նշել է, որ Հայաստանի հանրությունը շատ հարցերով չի տարբերվում եվրոպականներից։ Նրա խոսքով՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում դեզինֆորմացիան առավել շատ տարածվում է չորս հիմնական ոլորտում, որոնք ազդում են հասարակական ընկալումների վրա։
Իտալիան բողոքում է ԱՄՆ մաքսատուրքերի դեմ
Իտալիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում մակարոնեղենի ներմուծման վրա սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերը կբարձրացնեն գները գրեթե կրկնակի։ Հռոմը համագործակցում է ԵՄ հանձնաժողովի հետ՝ Վաշինգտոնի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով։
Իսրայել–ՀԱՄԱՍ բանակցություններ Եգիպտոսում
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պատրաստվում են բանակցությունների՝ Շարմ ալ-Շեյխում։ Քննարկվելու է պատանդների ազատ արձակման հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու բանակցությունների հաջողության համար։
Զանգվածային կրակոցներ Սիդնեյում
Սիդնեյում 60-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել բնակելի տների և ավտոմեքենաների ուղղությամբ։ Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 20-ը։ Հարձակվողը ձերբակալվել է, իսկ ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես զանգվածային հարձակում։
Արարատ Միրզոյանը շնորհավորում է Ֆրանսիայի ԱԳ նախարարին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկեր Ժանե-Նոել Բարրոյին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է երկկողմ ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը։
Թայֆուն Չինաստանում՝ զանգվածային տարհանումներ
Չինաստանի Գուանդուն նահանգում «Մատմո» թայֆունի մոտենալու պատճառով տարհանվել է ավելի քան 151 հազար մարդ։ Բոլոր դպրոցները և հաստատությունները փակվել են, իսկ երթևեկությունը դադարեցվել։ Թայֆունը շարժվում է հյուսիս-արևմուտք՝ 25 կմ/ժ արագությամբ։
Շաքիի ջրվեժում խախտումներ՝ բնապահպանական հուշարձանի տարածքում
Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպվել՝ խախտելով տարածքի պահպանության կանոնները։ Գործը փոխանցվել է Բնապահպանության տեսչական մարմնին։
Տարիքը այլևս չի լինի աշխատանքի լուծման հիմք
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով հանվում է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը։ Փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական և համայնքային ծառայողներին, ՊՈԱԿ-ների ղեկավարներին և վարչական պաշտոնյաներին։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազում
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի խոսքով՝ 2024-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են շուրջ 28%-ով։ Իրացման նպատակով դեպքերը կրճատվել են 31.8%-ով՝ կազմելով 1910 դեպք։
ՕՊԵԿ-ի նոր կանխատեսումներ նավթի արդյունահանման մասին
ՕՊԵԿ-ի տվյալներով՝ նոյեմբերին Ռուսաստանը կավելացնի նավթի արդյունահանությունը մինչև օրական 9.5 միլիոն բարել։ Ալժիրը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Օմանը նույնպես կունենան աճող ծավալներ։
Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հրաժարական է ներկայացրել կառավարության կազմի հրապարակումից ընդամենը ժամեր անց։ Նախագահ Մակրոնը ընդունել է հրաժարականը։
Կեղծ անձնագրերի մասին լուրերը հերքվել են
ՀՀ ՆԳ նախարարությունը հերքել է լուրերը՝ իբր Վրաստանի սահմանին հայտնաբերվել են հայկական կեղծ անձնագրեր։ Գերատեսչությունը հայտնել է, որ մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ, և նման դեպք չի գրանցվել։
Բուլղարիայում հայ պատվիրակության հետ սկանդալային վերաբերմունք
Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության անդամները Բուլղարիայի Սոֆիա քաղաքի օդանավակայանում ենթարկվել են ոչ պատշաճ վերաբերմունքի։ Նրանց պահել են երկու ժամից ավելի և խուզարկել։ Դեսպանատունը նոտա է ուղարկել Բուլղարիայի ԱԳ նախարարությանը։
Գրիպի դեմ պատվաստման կարևորությունը
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության հիմնական պատճառներից է։ Նախարարությունը հորդորում է պատվաստվել՝ կանխելու բարդությունները և պաշտպանելու ընտանիքի անդամներին։
Հայաստան–Ֆրանսիա պաշտպանական համագործակցություն
Հոկտեմբերի 6-ին ՊՆ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Քննարկվել են պաշտպանական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Հրայր Թովմասյանի գործով վճիռը թողնվել է ուժի մեջ
Հակակոռուպցիոն վերաքննիչը անփոփոխ է թողել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ վճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
Եկամուտների հայտարարագրման նոր կարգ
Նոր կարգով այն քաղաքացիները, ովքեր այլ եկամուտ չունեն, կարող են նույնիսկ չմտնել հայտարարագրման համակարգ․ ՊԵԿ-ը տվյալները կլրացնի ավտոմատ։ Սա միտված է գործընթացը պարզեցնելուն։
Երեխայի փրկություն՝ մետաղական զամբյուղի շնորհիվ
Ռուսաստանում երկու տարեկան տղա է ընկել բարձրահարկ շենքի պատուհանից, բայց ողջ է մնացել՝ ընկնելով օդորակիչի մետաղական զամբյուղի մեջ։ Մայրը այդ պահին տնից բացակայում էր։
Գերմանիայի կանցլերի հայտարարությունը ԱԹՍ-ների մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Մյունխենի օդանավակայանում նկատված ԱԹՍ-ների հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած է Ռուսաստանը։ Պուտինը հերքել է մեղադրանքը։
Բողոքի ցույցեր Վրաստանում ընդդեմ իշխանության
ՏԻՄ ընտրություններից հետո Թբիլիսիում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության։ Վիրավորվել են 21 ոստիկան և 6 ցուցարար։ Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի հետ չափազանց մոտ հարաբերություններ ունենալու մեջ։
«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագիր
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարում իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում՝ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ Ըստ ղեկավար Մարսելո Վենդեի՝ ուղևորահոսքը գերազանցել է տարեկան 5.5 միլիոնը։
Tesla-ի մատակարարումների աճ
Tesla-ն 2025 թվականի երրորդ եռամսյակում ավելացրել է մատակարարումները 7.4%-ով՝ հասնելով ռեկորդային 497 հազար ավտոմեքենայի։ Ընկերության շուկայական արժեքը տարվա ընթացքում աճել է 14%-ով։
Google-ի նոր ներդրումները ԱՄՆ-ում
Google-ը հայտարարեց, որ 4 միլիարդ դոլարի ներդրում է իրականացնելու Արկանզաս նահանգում տվյալների մշակման կենտրոնի և ԱԲ ենթակառուցվածքների ստեղծման համար։ Նոր կենտրոնը կավարտվի մինչև 2027 թվականը։
Հիփոթեքային վերադարձների նոր ցուցանիշներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ 2025 թվականի հունվար–սեպտեմբերին հիփոթեքային տոկոսների վճարումից վերադարձվել է 70.2 միլիարդ դրամ եկամտային հարկ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը։ Ծրագրից օգտվում է ավելի քան 62 հազար քաղաքացի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/28 22:00
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/28 20:20
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/28 19:14
Նոր բաժին Idram&IDBank-ում
Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա:
-
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/11/28/ 22:00 -
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/11/28/ 20:20 -
Նոր բաժին Idram&IDBank-ում
2025/11/28/ 19:14 -
ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին
2025/11/28/ 19:12 -
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
2025/11/28/ 19:08 -
Ինչպես առաջնորդել, երբ ամեն ինչ ավելի ու ավելի է անկառավարելի դառնում
2025/11/28/ 19:00 -
Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
2025/11/28/ 17:50 -
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2025/11/28/ 17:03 -
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
2025/11/28/ 16:47 -
ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
2025/11/28/ 16:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․