Հոկտեմբերի 22-ի կարևոր լուրերը

Թրամփը կարող է Բուդապեշտում գագաթնաժողով անցկացնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Բուդապեշտում գագաթնաժողով անցկացնելու որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին։ Նա հերքել է լուրերը, թե հանդիպումը համարում է ժամանակի կորուստ՝ նշելով, որ «շատ բան է կատարվում» և շուտով կհայտարարվի գործողությունների մասին։

ԱՄՆ-ը Գազա զորք չի մտցնի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ ամերիկյան զորքեր Գազա չեն ուղարկվի։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների դերը կլինի միջնորդական՝ նպաստելու Ծոցի երկրների, Իսրայելի, Թուրքիայի և Ինդոնեզիայի համագործակցությանը՝ երկարատև խաղաղության հաստատման համար։

Փաշինյանի այցը Վրաստան՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

Վրացական կողմը ողջունել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննարկել են ռազմավարական գործընկերության, առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հարցեր։ Քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP տարածաշրջանային նախագծերը։

Բեռնատարների վարորդները դադարեցրել են բողոքի ակցիաները

Մոտ մեկ օր տևած բողոքի գործողություններից հետո վարորդները բացել են «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերը։ Նրանք բողոքում էին Ռուսաստանի սահմանային նոր կանոններից, ըստ որոնց օտարերկրյա քաղաքացիները կարող են Ռուսաստանում մնալ միայն 90 օր՝ տարվա ընթացքում։ Վարորդները պահանջում են, որ այդ սահմանափակումը չտարածվի բեռնափոխադրողների վրա։

Դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի դատավճիռը

Դատախազությունը Վերաքննիչ դատարան է ներկայացրել բողոք՝ պահանջելով Միքայել սրբազանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 2 տարով։ Պաշտպանական կողմը հայտարարում է, որ դատախազությունը փորձում է վերահսկել վերաքննիչ դատավորների ընտրության գործընթացը։

Լուվրի տնօրենը փորձել է հրաժարական տալ

Փարիզի Լուվրի տնօրենը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 19-ի գողությունից հետո, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է դիմումը։ Թանգարանից հափշտակվել էր ինը պատմական զարդ՝ ընդհանուր 88 մլն եվրո արժեքով, որոնցից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյին պատկանած թագը, վերադարձվել է թանգարանին։

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրարշավը

Վաղարշապատ խոշորացված համայնքում սկսվել է ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը։ Ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ։

Միջադեպ Սպիտակ տան մոտ

Մի մեքենա բախվել է Սպիտակ տան մոտ գտնվող Գաղտնի ծառայության անցակետի ցանկապատին։ Հաղորդվում է, որ անվտանգության սպառնալիք չի հայտնաբերվել։

Թրամփը հոկտեմբերին կայցելի Ճապոնիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27–29-ը կայցելի Ճապոնիա՝ իր երկրորդ ժամկետի առաջին այցով։ Նա հանդիպումներ կունենա վարչապետ Սանաե Տակաիչիի և կայսր Նարուհիտոյի հետ։ Սպասվում է, որ կքննարկվեն նոր առևտրային պայմանագրեր։

Եվրոպական երկրները՝ Ուկրաինայի խաղաղության նոր նախաձեռնությամբ

Եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինայի հետ հրադադարի հաստատման նոր առաջարկ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ խաղաղության խորհրդի ձևավորման միջոցով։ Նախաձեռնությունը կներկայացվի Լոնդոնում կայանալիք հանդիպմանը, որտեղ կմասնակցեն Ուկրաինայի դաշնակից 35 երկրների ներկայացուցիչներ։

Փաշինյանը ողջունել է Ադրբեջանի որոշումը

«Մետաքսի ճանապարհ» համաժողովում Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ադրբեջանի որոշումը՝ վերացնել Հայաստանի նկատմամբ բեռների տարանցման սահմանափակումները։ Նա դա որակել է որպես տարածաշրջանային համագործակցության կարևոր քայլ և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների երթևեկությունը Մարգարա–Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս երթուղով։

Ուգանդայում՝ ողբերգական վթար

Ուգանդայում երկու ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել երկու ավտոբուսների վազանցը։

Ռուբեն Ռուբինյանը՝ ցորենի ներկրման մասին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի ներկրումը «իրապես հեղափոխական է»՝ դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ ստեղծելով։

Կոնսերվատորիայի այգին փոխանցվել է Երևանին

Տարիներ տևած դատական գործընթացներից հետո Կոնսերվատորիայի այգին փոխանցվել է Երևանի համայնքին։ Այժմ իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ, նախատեսվում է նաև ոռոգման համակարգի անցկացում։

Բողոքի ցույցեր Դուբլինում

Իռլանդիայում բողոքի ցույցեր են բռնկվել՝ ներգաղթյալի կողմից աղջկա բռնաբարության պատճառով։ Ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների վրա, հրկիզել ոստիկանական մեքենաներ։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ ամբոխը ցրելու համար։

Հակաադրբեջանական պիտակներ՝ Բիլբաոյում

Չեմպիոնների լիգայի «Ատլետիկ»–«Ղարաբաղ» խաղից առաջ Բիլբաոյում փակցվել են հակաադրբեջանական թռուցիկներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները միջադեպի համար մեղադրել են հայկական սփյուռքին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Ավազակություն՝ Երևանի հյուրանոցում

Երևանի քրեական ոստիկանությունը ձերբակալել է 7 անձի՝ օտարերկրացիների վրա ավազակային հարձակման գործով։ Դիմակավորված անձինք ներկայացել էին որպես ոստիկաններ և գողացել գումար ու գույք։

ԵՄ աջակցությունը խաղաղ գործընթացին

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Բաքվի կողմից տարանցման սահմանափակումների վերացումը և պատրաստ է շարունակել աջակցությունը խաղաղության գործընթացին։ Նա նշել է, որ Երևանում նախատեսվում են քաղաքացիական հասարակության մասնակցությամբ քննարկումներ։

Արամ Առաջինը կոչ է արել համահայկական միասնության

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, գահակալության 30-ամյակի միջոցառման ընթացքում, հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ինքնաքանդման, իսկ սփյուռքը՝ ինքնամաշման վտանգի առաջ։ Նա կոչ է արել համահայկական ուժերով կանգնեցնել այս ընթացքը՝ ներգրավելով նոր ղեկավարներ և երիտասարդություն։

Լենինգրադյան փողոցը կվերանվանվի Քըրք Քըրքորյանի անունով

Երևանի ավագանին նախատեսում է Լենինգրադյան փողոցը վերանվանել «Քըրք Քըրքորյան փողոց»՝ ի պատիվ հայտնի բարերարի։

Տաքսու վարորդների պետական տուրքերը կմեղմացվեն

Կառավարությունը համաներում է հայտարարել մինչև 2019 թվականի հունիսի 29-ը կուտակված տաքսու պետական տուրքերի և տույժերի համար։ Պարտավորությունների ընդհանուր չափը կազմում է շուրջ 1.3 միլիարդ դրամ։

Փողի բազան աճել է 14%-ով

2025-ի օգոստոսի դրությամբ փողի բազան Հայաստանում կազմել է 2.03 տրիլիոն դրամ՝ 14%-ով ավելի, քան 2024-ին։ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամը աճել է 13.6%-ով, իսկ դրամային հաշիվները՝ 34.6%-ով։

Նոր համակարգ՝ խաղային ոլորտի վերահսկման համար

Հայաստանում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկման նոր համակարգ։ ՊԵԿ-ը հայտարարել է մրցույթ օպերատորի ընտրության համար, որը պետք է ապահովի թափանցիկ վերահսկողություն և ռիսկերի կառավարում։

Հայաստան–Լեհաստան գործարար համաժողով Վարշավայում

Նոյեմբերի 18–19-ին Վարշավայում կանցկացվի Հայաստան–Լեհաստան գործարար համաժողով։ Քննարկվելու են հաղորդակցությունների, էներգետիկայի, ՏՏ-ի և սննդի ոլորտների համագործակցության թեմաներ։

ԵՄ-ն 75 միլիոն եվրո կհատկացնի Եգիպտոսին

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է Եգիպտոսին տրամադրել 75 մլն եվրո դրամաշնորհ՝ սոցիալ-տնտեսական զարգացման և երիտասարդների հնարավորությունների ընդլայնման նպատակով։

Հանրային հեռարձակողների թիվը կնվազի

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որով հանրային հեռարձակողների թիվը կրճատվում է երեքից մինչև երկու։ Նախագիծը ստացել է 63 կողմ և 31 դեմ ձայներ։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության գործով, որը վերաբերում է հոգևոր ծառայության նշանակման հարցերին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ խաղաղության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը արդեն հաստատված է և հռչակվել է Վաշինգտոնում։ Նա կարևորել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Մինսկի խմբի լուծարումը։

Ամուսնալուծությունների դեպքում՝ պարտադիր հաշտարարություն

Կառավարությունը ներկայացրել է փոփոխություններ, ըստ որոնց՝ ամուսնական զույգերը նախքան դատարան դիմելը պետք է անցնեն հաշտարարի միջոցով։ Վերջին երեք ամիսներին հաշտարարներին դիմել է 320 զույգ, որոնցից 30%-ը հաշտվել է։

Ալեն Սիմոնյանը՝ հարաբերությունների կարգավորման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ցանկանում են վերջնականապես լուծել բոլոր հարցերը։ Նա նշել է, որ վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջ շարժվելու մեխանիզմներով։

Գյումրիի անկարգությունների գործով՝ 29 մեղադրյալ

Գյումրիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների գործով 37 մարդ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 29 անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով։