Հոկտեմբերի 1-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ֆիլիպիններում աղետալի երկրաշարժ
Ֆիլիպիններում 6.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ։ Ցնցումները գրանցվել են Սեբու քաղաքի ափերի մոտ։ Ամենաշատը տուժել են Բոգո քաղաքը և Վիսայաս շրջանի այլ բնակավայրեր, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն։ Հատկապես վնասվել են շենքերը, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ցունամիի նախազգուշացումը չեղարկվել է․ մասնագետների խոսքով՝ ծովի մակարդակի տատանումները լուրջ վտանգ չեն ներկայացրել։ Սեբու քաղաքն ունի շուրջ մեկ միլիոն բնակիչ, և երկրաշարժի հետևանքների գնահատումը շարունակվում է։
ԱՄՆ դեսպանատունը դադարեցնում է Facebook-ի թարմացումները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ բյուջեի չհաստատման պատճառով իրենց Facebook էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն միայն անվտանգության և ապահովության հետ կապված հրատապ հայտարարությունները։ Միևնույն ժամանակ դեսպանատունը նշել է, որ անձնագրային և վիզաների արդեն նշանակված ծառայությունները կշարունակվեն, քանի դեռ իրավիճակը թույլ է տալիս։
Թուրքիայի ԱԱԽ-ի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կրկին ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը։ Միաժամանակ շեշտվել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը նրանց ձևակերպմամբ պետք է ծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։
Թրամփը վերջնաժամկետ է տալիս ՀԱՄԱՍ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ունի երեքից չորս օր՝ իր խաղաղության առաջարկին արձագանքելու համար։ Նրա խոսքով՝ Իսրայելը և արաբական առաջնորդները արդեն ընդունել են ծրագիրը, և այժմ հերթը ՀԱՄԱՍ-ինն է։ «Եթե չընդունեն, դա շատ տխուր ավարտ է լինելու»,– ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ կառավարությունը փակման ռեժիմում
Հոկտեմբերի 1-ին կեսգիշերից ԱՄՆ Կոնգրեսը չկարողացավ հաստատել պետական բյուջեն, ինչի հետևանքով երկիրը մտել է «կառավարության փակման» ռեժիմ։ Սա առաջին դեպքն է վերջին յոթ տարում և երրորդը՝ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում։ Դաշնային մարմիններին հրահանգվել է դադարեցնել ոչ էական ծառայությունները, ինչի հետևանքով խաթարվել է հարյուր հազարավոր աշխատողների աշխատանքը, ինչպես նաև տրանսպորտի, դատարանների և այլ ոլորտների գործունեությունը։
Telegram-ի հիմնադիրի բացահայտումը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ իրեն փորձել են թունավորել 2018-ին։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընկերությունը TON կրիպտոարժույթի համար ներդրումներ էր ներգրավում, իսկ մի շարք երկրներ փորձում էին արգելափակել մեսենջերի գործունեությունը։
Ռուբեն Վարդանյանի դատական գործընթացը Բաքվում
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատական նիստը։ Պաշտպանները պահանջել են դատարանից ներկայացնել միջնորդությունների վերաբերյալ որոշումների ամբողջական արձանագրությունները։ Նիստի ընթացքում ելույթ են ունեցել այսպես կոչված «տուժածները»։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին։
Ջալալ Հարությունյանի բողոքը մերժվել է
Վճռաբեկ դատարանը մերժել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի բողոքը։ Սա նշանակում է, որ նա պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Հարությունյանը դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման՝ զինվորական անփութության մեղադրանքով։
Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը
Հռչակավոր իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համատեղ պայքարել արդարությունը վերականգնելու և Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու համար։
Հեղեղումներ Օդեսայում
Օդեսայում ուժգին անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել։ Զոհվել է առնվազն 9 մարդ։ Քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտնել է, որ ընդամենը յոթ ժամում տեղացել է գրեթե երկու ամսվա անձրև։ Հայտարարվել է կարմիր տագնապի մակարդակ, դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը, դպրոցները անցել են հեռավար ուսուցման։
Ավետիք Իսահակյանի հուշադրամը շրջանառության մեջ
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը։ Այն հատվել է Լեհաստանում։ Դրամի դիմերեսին պատկերված է Արագած լեռը և Իսահակյանի բանաստեղծության քառատող, դարձերեսին՝ գրողի դիմապատկերը և ստորագրությունը։
Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման դադարեցում
Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական գնդակոծությունների հետևանքով Զապորոժիեի ատոմակայանը մեկ շաբաթ է, ինչ անջատված է հիմնական սնուցումից։ Կայանը մատակարարվում է դիզելային գեներատորներով։ Զելենսկին իրավիճակը որակել է արտակարգ և տեղեկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Մյունխենում պայթյուն և կրակոցներ
Մյունխենի Լերխենաուեր Շտրասե մայրուղում տեղի ունեցած պայթյունի և կրակոցի հետևանքով հայտնաբերվել են երկու դի։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Իրավապահները կոչ են արել բնակիչներին խուսափել տարածքից։
Գնունու շուկայի ապամոնտաժումը
Երևանի քաղաքապետարանը սկսել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժումը։ Քաղաքապետարանը պնդում է, որ դրանք ապօրինի են։ Առևտրականները դժգոհում են, որ իրենց շատ քիչ ժամանակ է տրվել ապրանքները դուրս բերելու համար։
Turkish Airlines-ը նախատեսում է թռիչքներ Երևան
Թուրքական ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը աննախադեպ դրական է։
Աղոթասրահի փլուզում Ինդոնեզիայում
Արևելյան Ճավա նահանգում փլուզվել է «Ալ-Խոզինի» իսլամական դպրոցի աղոթասրահը։ Մոտ 91 աշակերտ մնացել է փլատակների տակ։ Զոհվել է առնվազն երեք դեռահաս, շուրջ 100 մարդ վնասվածքներ է ստացել։
Համընդհանուր գործադուլ Հունաստանում
Հունաստանում մեկնարկել է համընդհանուր գործադուլ ընդդեմ աշխատանքի ժամերի երկարացման։ Աթենքում դադարեցվել է գնացքների, լաստանավերի և տաքսիների երթևեկությունը։
ՀՀ և ԱՄԷ նախարարների հանդիպումը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։ Քննարկվել են արևային էներգիայի զարգացման միտումները և ջրային ոլորտի համագործակցության հնարավորությունները։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի որոշումները
Մինսկում ԵԱՏՄ երկրների վարչապետները հաստատել են վեց փաստաթուղթ։ Դրանց թվում է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մասին կարգադրությունը և ապրանքների հետագծելիության մեխանիզմի գործարկումը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող ներկայացվել ԱԺ լիագումար նիստում՝ օրենքի սահմանափակումների պատճառով։ Այն կհրապարակվի փակ ձևաչափով։
Հռոմի Պապի քննադատությունը Թրամփին
Հռոմի Պապ Լևոն XIV-ը խիստ քննադատել է Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ այն անվանելով Կաթոլիկ Եկեղեցու սկզբունքներին անհամապատասխան։
Ապահովագրության նոր փաթեթ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է նոր ապահովագրական փաթեթի ներդրման մասին։ Առաջին փուլում այն կգործի մինչև 18 տարեկանների, 65-ից բարձր քաղաքացիների, հաշմանդամների և բարձր եկամուտ ունեցողների համար։
ՄԻԵԴ-ը պահանջում է Ադրբեջանից հաշվետվություն
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ներկայացնել Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների վիճակի մասին հաշվետվություն։ Վերջնաժամկետը սահմանվել է նոյեմբերի 4-ը։
Խաղողի մթերումն ընթանում է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ խաղողի մթերումն ընթանում է անխոչընդոտ։ Նախարարը անձամբ այցելել է մթերման կետեր՝ հետևելու գործընթացին։
Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցում
Իրան–Հայաստան բարձր լարման գծի մեկ շղթան նախատեսվում է ավարտել 2026-ի առաջին կիսամյակում։ Աշխատանքները բարդանում են բարձր լեռնային պայմաններում, սակայն գծի թողունակությունը կաճի մինչև 1000 ՄՎտ։
Բանկային ավանդների և վարկերի աճը
ՀԲ-ն հայտարարել է, որ հուլիսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն աճել են 0.3%-ով, իսկ վարկերը՝ 1.2%-ով։
ԱՄՆ–Հարավային Կորեա համագործակցություն
ԱՄՆ-ն թույլ կտա հարավկորեացիներին աշխատել իր ներդրումային վայրերում ժամանակավոր վիզաներով։ Սեուլում կբացվի ամերիկյան դեսպանատան նոր գրասենյակ՝ բիզնես վիզաների համար։
Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը
2025-ի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը աճել է 0.3%-ով։ Պետական ծախսերն ավելացել են 1.3%-ով, արտահանումը նվազել է 0.2%-ով։
ԱԺ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահ
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հռիպսիմե Հունանյանը։ Ընդդիմությունը դժգոհել է, որ նա բարձրագույն կրթություն չունի։ Իշխող ուժը պարզաբանել է, որ հանձնաժողովի նախագահը պարտադիր չէ, որ նեղ մասնագիտական գիտելիքներ ունենա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/28 22:00
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/28 20:20
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/28 19:14
Նոր բաժին Idram&IDBank-ում
Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա:
-
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/11/28/ 22:00 -
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/11/28/ 20:20 -
Նոր բաժին Idram&IDBank-ում
2025/11/28/ 19:14 -
ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին
2025/11/28/ 19:12 -
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
2025/11/28/ 19:08 -
Ինչպես առաջնորդել, երբ ամեն ինչ ավելի ու ավելի է անկառավարելի դառնում
2025/11/28/ 19:00 -
Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
2025/11/28/ 17:50 -
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2025/11/28/ 17:03 -
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
2025/11/28/ 16:47 -
ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
2025/11/28/ 16:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․