Ֆուտբոլային հանրության շրջանում առաջացած մեծ աղմուկից և քննադատությունների ալիքից հետո ՖԻՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պարզաբանելով FIFA Forward Enterprise (FFE) նոր կոմերցիոն նախագիծը։
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն՝ ՖԻՖԱ-ն մտադիր է իր կոմերցիոն գործունեությունն ու մրցաշարերի անցկացումը փոխանցել նորաստեղծ FFE ընկերությանը՝ հրավիրելով արտաքին ներդրողների, որոնց կառաջարկվի փոքրամասնական բաժնեմաս: Սա առաջացրել էր ՈւԵՖԱ-ի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի խիստ դժգոհությունը: Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ-ն նույնիսկ հայտարարեց, որ 55 անդամ-երկրներ որոշել են բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը։
Ի պատասխան այս բոյկոտի՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է ծավալուն հայտարարություն՝ հերքելով շրջանառվող լուրերը։
«Ոչ ոք ֆուտբոլը չի վաճառում։ ՖԻՖԱ-ն երբեք նման տարբերակ չէր էլ դիտարկի»,- նշված է կառույցի հայտարարության մեջ։
ՖԻՖԱ-ն ընդգծել է, որ ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը խաթարել է բանակցային գործընթացը, սակայն իրենք շարունակելու են բաց քննարկումները՝ հիմնվելով փաստերի վրա:
ՖԻՖԱ-ի պարզաբանման հիմնական կետերը՝
Վերահսկողության պահպանում. Նորաստեղծ FFE ընկերությունը մշտապես պատկանելու և ամբողջությամբ վերահսկվելու է ՖԻՖԱ-ի կողմից: Ներդրողների ներգրավումը չի փոխելու ֆուտբոլի կառավարման համակարգը:
Ֆինանսական խթան. Նախագծի նպատակն է թույլ տալ աշխարհի բոլոր 211 ազգային ասոցիացիաներին (այդ թվում՝ ՀՖՖ-ին) մասնակցել ֆուտբոլի կոմերցիոն զարգացմանը:
20 միլիոն դոլար բոլորին. Յուրաքանչյուր ազգային ասոցիացիա առաջիկա չորս տարվա ընթացքում (2027-2030թթ.) կստանա հավելյալ 20 մլն ԱՄՆ դոլար՝ անկախ նրանից, թե կաջակցի նախագծին, թե ոչ։ Ֆինանսավորումը կապահովվի արտաքին ներդրումների և կոմերցիոն օպերացիաների ավելի արդյունավետ կառավարման հաշվին:
Ժողովրդավարական սկզբունք. Եթե ազգային ասոցիացիաների մեծամասնությունը չաջակցի առաջարկին, FFE-ն չի ստեղծվի, իսկ ՖԻՖԱ-ի գործունեությունը կմնա անփոփոխ։
Անուղղակիորեն դիմելով ՈւԵՖԱ-ին և մյուս կոնֆեդերացիաներին՝ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հավելել է.
«Յուրաքանչյուրն իրավունք ունի դեմ արտահայտվել, բայց ոչ մի կազմակերպություն չի կարող պնդել, թե ներկայացնում է աշխարհի բոլոր 211 ազգային ասոցիացիաների շահերը: Յուրաքանչյուր ասոցիացիա պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու առաջարկին և ինքնուրույն որոշելու իր ապագան»։

