Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթվերը և այլ մանրամասներ: Փաշինյանն ավելի վաղ խոսել էր դեկտեմբերին Ռուսաստան այցելելու մտադրության մասին, ընդ որում՝ երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Ողբերգական դեպք Գերմանիայում․ գազի արտահոսքից մահացել է հայ ընտանիքի 5 անդամ
Գերմանիայի Քեհլ քաղաքի տներից մեկում հայ ընտանիքի 5 անդամի են մահացած հայտնաբերել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի մասին հայտնի է դարձել, երբ դպրոցում անհանգստացել են հայ երեխաների բացակայությամբ։ Բնակարան մտած ոստիկանները մահացած են հայտնաբերել ընտանիքի 5 անդամի, այդ թվում 3 երեխաների։ Եւս 2 երեխա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մահվան պատճառը նշվում է գազի արտահոսքը։ Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։ Ուսումնասիրվում է թե գազի արտահոսքը պատահական է եղել թե կա դիտավորություն։ Նշվում է, որ ընտանիքի անդամներն ունեցել են թե Հայաստանի, թե Գերմանիայի քաղաքացիություն։
Xiaomi-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում նվազել է ավելի քան երեք անգամ
Չինական Xiaomi ընկերությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում արձանագրել է զուտ շահույթի կտրուկ անկում՝ սմարթֆոնների պահանջարկի թուլացման և Չինաստանի ավտոմոբիլային շուկայի աճի դանդաղման ֆոնին։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության զուտ շահույթը նվազել է ավելի քան երեք անգամ՝ կազմելով 3.88 մլրդ յուան (582 մլն դոլար), մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն կազմում էր 12.26 մլրդ յուան։
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Քննարկվել է ավելի քան 40 հարց՝ կապված ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, մաքսային կարգավորումների և տեխնիկական կանոնակարգերի հետ։ Հաստատվել է նաև դեկտեմբերի 22-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը։
Երևանի արևելյան մուտքում նոր կանաչ գոտի է ստեղծվել
Երևանի արևելյան մուտքում նոր կանաչ գոտի է ստեղծվել՝ 700 տնկիով։ Մայրաքաղաքի մուտքի հատվածում՝ շուրջ մեկուկես հեկտար տարածքում, տնկվել է 350 ծառ և 350 թուփ։ Ծառատունկին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Տարածքն ապահովվել է ոռոգման նոր համակարգով, իսկ ծառերի մի մասն աճեցվել է քաղաքային տնկարանում։ Ծրագրի հաջորդ փուլում կանաչ գոտու հարևանությամբ կկառուցվի նաև Երևանի ամենամեծ ավտոկայանատեղիներից մեկը՝ նույնպես շուրջ մեկուկես հեկտար տարածքով։ Այստեղ կայանելուց հետո քաղաքացիները արագընթաց ավտոբուսներով կկարողանան հասնել մայրաքաղաք։


