ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի տրամադրման համակարգը։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կօգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպասարկման գրասենյակներից, իսկ փաստաթղթերի տրամադրումը կդառնա ավելի հարմարավետ, արագ և թափանցիկ։
Ինչու է դա կարևոր. Նոր համակարգի ներդրումն ու անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացումը Հայաստանի և Եվրոպական միության (ԵՄ) միջև վիզաների ազատականացման երկխոսության առանցքային ուղղություններից ու պահանջներից մեկն է։ Այն միտված է միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքի ձևավորմանը։
Նոր համակարգի առանցքային նպատակներն ու առավելությունները.
Ծառայությունների որակ. Որակյալ, արագ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցում։
Անվտանգության բարձրացում. Կենսաչափական տվյալների պաշտպանվածության և փաստաթղթերի կեղծումը բացառող նորագույն տեխնոլոգիաների կիրառում։
ԵՄ վիզաների ազատականացում. Անվտանգ անձնագրային համակարգի ներդրումը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու պարտադիր նախապայմաններից է։
Սպասարկման նոր միջավայր. Մասնավոր օպերատորի միջոցով վերազինված սպասարկման գրասենյակների գործարկում։


