Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ գործող համակարգը այլևս արդյունավետ չէ, քանի որ չի ապահովում քաղաքացիների փաստացի ծանուցումը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր։
Նախաձեռնությամբ առաջարկվում է պարտադիր պահանջը՝ ծանուցումները տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ, հանել և դրանք տեղադրել «azdarar.am» պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպությունների կայքերում։
Նոր կարգավորմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, հանրային շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման և այլ գործընթացների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն «azdarar.am»-ում։
Միաժամանակ, բանկային, ապահովագրական և ֆինանսական ոլորտներին առնչվող ծանուցումները կտեղադրվեն համապատասխան կազմակերպությունների պաշտոնական կայքերում։
Նախագծի նպատակն է բարձրացնել տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը՝ միաժամանակ նվազեցնելով ծախսերը։
Նախագիծը ԱԺ-ում ներկայացվել է առաջին ընթերցմամբ և ստացել է դրական եզրակացություն Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովից։

