Կիբերխարդախությունների աճի իրական պատկերը. ինչ է ասում ոստիկանությունը

Կախված հանցագործության բնույթից, օրենքը սահմանում է մեկից մինչև 15 տարի և ավելի ազատազրկում՝ կիբերհանցագործներին պատժելու համար:

Մեղադրել իրավապահ մարմիններին նրա համար, որ կիբերհանցագործությունների հետևանքով զեղծարարության զոհերի թիվը մեր երկրում հասնում է տասնյակ հազարների, ճիշտ չէ: Դրանք պաշտոնական թվեր չեն: Այս մասին  Tert.am- ի հետ զրույցում ասաց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ,  ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը, անդրադառնալով օրերս դատախազության առջև ակցիա իրականացրած զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների մեղադրանքներին, թե իրավապահ համակարգի թերացումն է, տուժած մարդկանց թիվն անհամեմատելի ավելացել է:

Հայկ Մկրտչյանի խոսքով՝ պաշտոնական տվյալները խոսում են այլ բանի մասին:

«Բազմաթիվ ոտւժողներ ունենք մեզ դիմած: Եթե անձը դարձել է հանցագործության զոհ, մենք մեղավորներ չենք փնտրում, այլ գործին ընթացք են տալիս»,-ասում է զրուցակիցը:

Նա նկատում է՝  քաղաքացիները պետք է  հստակ հասկանան, որ պետք է անմիջապես դիմեն իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան օրենքով սահմանված կարգով վարույթային գործողություններ իրականացնել՝ հանցագործությունը բացահայտելու համար:

Մկրտչյանի դիտարկմամբ՝ հիմնականում դժգոհում են այն ​​քաղաքացիները, ովքեր չեն դիմում իրավապահ մարմիններին, գնում են տարբեր կազմակերպություններ՝ հույս ունենալով, որ այդ կազմակերպությունները կվերադարձնեն իրենց կորցրած ֆինանսները:

«Իրականում  այդ կազմակերպություններն այստեղ ոչինչ չեն կարող անել: Հարցը, բացառապես իրավապահ մարմիների տիրույթում է»,- ասում է Հայկ Մկրտչյանը:

Մի կարևոր հանգամանք էլ է նշում. «Քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ  մեկ օրում հանցագործության քննություն հնարավոր չէ  իրականացնել: Այսինքն՝ թեպետ անձանց որոշակի շրջանակ իրավապահ մարմինները կարող են ունենալ՝ այս կամ այն ​​հանցագործության կատարման  վերաբերյալ, սակայն, թույլատրելի ապացույցների հավաքագրման  ընթացակարգ գոյություն ունի, որն իրենից  ժամանակ է պահանջում»:

Նաև նկատում է՝ ՆԳՆ-ն պարբերաբար էլեկտրոնային խարդախությունների վերաբերյալ կանխարգելիչ տեսանյութեր  է պատրաստում՝ քաղաքացիներին իրազեկելու համար:

«Ոմանք կարծում են, որ իրազեկումը  իրավապահ մարմինների խնդիրը չէ: Դա, այդպես չէ: Ցանկացած խարդախության մասով, մենք,  թե՛ կանխարգելիչ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, և, թե՛ «Կիբերմարտահրավեր» հաղորդաշարի միջոցով  քաղաքացիներին իրազեկում ենք այս կամ այն հանցագործության մասին: Ունենք նաև կիբերոստիկանության հարթակ, որը մեր վարչության կողմից է ղեկավարվում: Փորձում ենք ավելի հանրամատչելի և ոչ պաշտոնական ձևաչափով  քաղաքացիներին իրազեկել, ուղղորդել, թե հանցագործության պարագայում՝ ում դիմել և ինչ ընթացակարգով»,-ասում է զրուցակիցը:

Եվս մեկ անգամ ընդգծում է՝ հանցագործության բացահայտմանն  ուղղված գործողությունները մեկ օրվա աշխատանք չեն, և քաղաքացին հնարավոր է շատ բան չտեսնի, հնարավոր է, նաև, շատ բաներ չհրապարակվեն, հաշվի առնելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են իրենց մեջ պարունակում:

«Քաղաքացիները ցանկացած հանցագործության պարագայում պետք է բացառապես դիմեն իրավապահ մարմիններին, վստահեն նրանց ու վաղ թե ուշ արդյունքն իրենք կտեսնեն»,-նշում է  զրուցակիցը:

Մկրտչյանի դիտարկմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթաքցքում իրենց դիմել է մոտ 20 զեղծարարության զոհ գնացած քաղաքացի: Ըստ զրուցակցի դիմելիությունը բավականին քչացել է:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք խոշոր հանցագործություններ ենք բացահայտել: Խոսքը գնում  է՝ ներդրումային խարդախություների մեջ մասնագիտացված հանցավոր խմբերի մասին, որոնք Հայաստանում գործունեություն էին ծավալում՝ թիրախավորելով մեր քաղաքացիներին: Կան նաև այլ տեսակի հանցագործություններ, որոնց բացահայտմանը մեր ստորաբաժանումն անձամբ մասնակցություն է ունեցել, և նույնպես շոշափելի բացահայտումներ: Օրինակ՝ թելեգրամյան հարթակների միջոցով խմբեր էին ստեղծվել, որոնք մարդկանց բանկային տվյալներ էին հավաքագրում:  Մենք շատ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք այդ բացած թելեգրամյան հարթակները և այդ օնլայն բեքինգներ գնող քաղաքացիներին նույնականացնել և քրեադատավարական կարգով վերջիններիս նկատմամբ քայլեր ձեռնարկել»,- ասում է Մկրտչյանը:

Նշում է նաև՝ բացահայտումներ միշտ կան:  Բայց ոչ բոլոր բացահայտումներն են մամուլում հայտնվում: Ընդգծում է՝ հիմնականում մամուլում տեղադրվում են խոշոր, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները։

«Ունեցել ենք դեպքեր, երբ էլեկտրոնային խարդախությունը իրականացվել է մեր հանրապետության  քրեակատարողական հիմնարկից:  Հնարավորություն ենք ունեցել պարզել, թե որ քրեակատարողական հիմնարկից է հանցագործությունը կատարվում, որ դատապարտյալն է այդ հանցագործությունը կատարում, և ով է վերջինս օգնում, ինչ եղանակով է: Այսինքն՝ մեր համար նշանակություն չունի պարզելու համար, թե հանցագործությունը որտեղից է կատարվում»,-ասում է Մկրտչյանը:

Այսպիսով՝ նաև քաղաքացիների կողմից  իրավապահ համակարգին տված հաղորդումների քանակից ու ներկայացրած տեղեկություններից է կախված, թե ինչքան արագ կբացահայտվի տվյալ հանցագործությունը:

Կախված հանցագործության բնույթից, օրենքը սահմանում է մեկից մինչև 15 տարի և ավելի ազատազրկում՝ կիբերհանցագործներին պատժելու համար:

«Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ կտամ վստահել իրավապահ մարմիններին: Չվստահել կամ հավատալ տարբեր անհատներին, և կազմակերպություններին, որոնք  խոստանում եմ, որ իրենց դիմելու պարագայում կորցրած ֆինանսական վնասները շատ շուտ կվերականգնեն: Դա բացառապես գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, և մի փոքր համբերությունը կբերի ցանկալի արդյունքի»,- եզրափակեց Հայկ Մկրտչյանը: