Հնդկաստանում գրանցված Նիպա վիրուսի երկու հաստատված դեպքերը հանգեցրել են մի շարք երկրների կողմից օդանավակայաններում առողջապահական վերահսկողության ուժեղացմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Մալայզիայում։
Նիպա վիրուսը հիմնականում տարածվում է չղջիկների և այլ կենդանիների միջոցով, այդ թվում՝ վարակված մրգերի կամ կենդանական շփման արդյունքում։ Հիվանդությունը կարող է առաջացնել բարձր ջերմություն և նյարդաբանական բարդություններ, իսկ մահացության մակարդակը գնահատվում է 40-ից մինչև 75 տոկոս։
Չնայած վիրուսը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ, մասնագետների տվյալներով՝ դրա փոխանցումը պահանջում է երկարատև և սերտ շփում, ինչի պատճառով լայնածավալ տարածման հավանականությունը ներկայում համարվում է սահմանափակ։
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արևմտյան Բենգալիա նահանգում վարակված երկու անձինք առողջապահության ոլորտի աշխատողներ են և բուժում են ստանում տեղական հիվանդանոցում։ Իշխանությունները նույնականացրել են 196 կոնտակտավոր անձի, որոնցից ոչ մեկի մոտ ախտանիշներ չեն արձանագրվել, իսկ թեստերը բացասական են։
Տարածաշրջանային արձագանքների շրջանակում՝
-
Սինգապուրը և Հոնկոնգը սահմանել են ջերմաչափում Հնդկաստանից ժամանող ուղևորների համար,
-
Թաիլանդը կիրառել է հատուկ կայանատեղիներ Նիպայի ռիսկային գոտիներից ժամանող ինքնաթիռների համար և պահանջում է առողջական հայտարարագրերի լրացում,
-
Մալայզիան հայտարարել է միջազգային նավահանգիստներում առողջապահական վերահսկողության խստացման մասին։
Չինաստանը և Նեպալը ևս հայտնել են, որ ուժեղացնում են մուտքային վերահսկողությունը վարակված տարածքներից ժամանողների նկատմամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նիպա վիրուսը դասակարգում է բարձր ռիսկայնության հարուցիչների շարքում՝ հաշվի առնելով դրա բարձր մահացությունը, լիցենզավորված պատվաստանյութերի և բուժման մեթոդների բացակայությունը, ինչպես նաև հնարավոր մուտացիաների ռիսկը։
2025 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխարհում գրանցվել է շուրջ 750 հաստատված դեպք, որոնցից ավելի քան 400-ը ունեցել են մահվան ելք։

