Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը
Լուրեր |
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը:
Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի հաստատում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է .
«ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան,
Հարգելի՛ գործընկեր,
Հարգելի՛ ներկաներ,
Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն:
Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։
Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք:
Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:
«Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև:
Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ:
Հարգելի՛ ներկաներ,
Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»:
Ըստ աղբյուրի՝ Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին:
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:
Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին:
«Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,-ասել է ԻԻՀ նախագահը:
Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 22:00
Մարտի 11-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/11 19:19
Մարտի 11-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 11-ի բիզնես լուրերը
2026/03/11/ 22:00 -
Մարտի 11-ի կարևոր լուրերը
2026/03/11/ 19:19 -
Աշխատանքի արդյունավետությունը սկսվում է բարձր իմունիտետից․ աշխատանքից հետո վերականգնվելու արդյունավետ միջոցներ
2026/03/11/ 18:48 -
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները
2026/03/11/ 18:40 -
2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
2026/03/11/ 18:34 -
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․