Իր հիմնադրման իսկ առաջին oրվանից Newmag-ը հայտնի է համաշխարհային բեսթսելլերների և ժամանակակից գրականության հայերեն հրատարակություններով՝ միաժամանակ ակտիվորեն ներկայացնելով տեղական հեղինակների ստեղծագործությունները:
Եվ ահա «Պուլիցեր» մատենաշարը
ստեղծվում է մեկ ընդհանուր նպատակով. ընդլայնել Հայաստանում ժամանակակից ամերիկյան
գրականության ամենաազդեցիկ և քննարկվող գործերի հասանելիությունը: Գրքեր, որոնք
ձևավորել են հանրային օրակարգեր, սահմանել գրական նոր չափանիշներ և վեր հանել
հասարակության, պատմության ու մարդկային ճակատագրերի բարդ շերտերը:
Այս գործակցության շրջանակում
Newmag հրատարակչությունը կիրականացնի խմբագրական և հրատարակչական ամբողջ
գործընթացը՝ ապահովելով բարձրորակ հայերեն թարգմանություններ և
հրատարակություններ: ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնությանը կաջակցի հանրային կապերի և
մշակութային ծրագրերի միջոցով, ներառյալ՝ հանրային քննարկումներ, ընթերցողական
կլոր սեղաններ և լրատվամիջոցների ու դեսպանատան հարթակների միջոցով նախագծի
լուսաբանում:
Դեսպանատան աջակցությունը
ֆինանսական չէ և ուղղված է մատենաշարի ճանաչելիության բարձրացմանն ու Միացյալ
Նահանգների 250-ամյա պատմության ձեռքբերումների արժևորմանը:
«Այս մատենաշարն ավելին է, քան
պարզապես գրքեր. այն կապող օղակ է,- նշել է Հայաստանում ԱՄՆ
դեսպանատան մշակութային կցորդ Նեյթեն Օսթինը,- Պուլիցերյան մրցանակակիր
գործերը պատուհան են բացում դեպի ամերիկյան գաղափարախոսություն, պատմություն և
մարդկային ճակատագրեր: Մենք հպարտ ենք աջակցել «Պուլիցեր» նախագծին և
գործակցել Newmag-ի հետ՝ ամերիկյան հեղինակների ձայնը հայ ընթերցողին լսելի դարձնելու
համար»:
«Newmag-ը միշտ հավատացել է, որ
թարգմանությունը մշակութային ենթակառուցվածք է,- ասել է Newmag
հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը,- «Պուլիցերի»
միջոցով մենք ստեղծում ենք ուղենիշային ստեղծագործությունների երկարաժամկետ
գրադարան, որը կհարստացնի հայկական մտավոր կյանքը և կընդլայնի ընթերցողների
մտահորիզոնը»:
«Պուլիցեր» թարգմանական մատենաշարի
մասին ավելի մանրամասն հրատարակչությունը կներկայացնի առաջիկա շաբաթների
ընթացքում՝ Newmag-ի պաշտոնական հարթակներով:

