Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
Վերլուծություն |
Մարտի 5-ին կայացած կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունեց մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես սոցիալական քաղաքականությանը, այնպես էլ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին։
Քննարկումների առանցքում էին կենսաթոշակների բարձրացումը, Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի հերթական հատվածի կառուցման գործընթացը, Մեղրիի նոր սահմանային անցակետի ծրագրի ժամկետների երկարաձգումը և նորակառույց դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգումը։
Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը և դրա արդյունքում ձևավորված ֆինանսական հնարավորություններին՝ նշելով, որ այդ միջոցները ուղղվում են սոցիալական և զարգացման ծրագրերի իրականացմանը։
Կենսաթոշակների բարձրացում ապրիլի 1-ից
Կառավարությունը հաստատեց որոշում, որի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակների չափը կբարձրանա։ Նշվում է, որ խոսքը մեկանգամյա հավելավճարի մասին չէ․ բարձրացված կենսաթոշակը կվճարվի նաև հաջորդող ամիսներին։
Կառավարությունը ներկայացրել է հաշվարկներ, որոնք ցույց են տալիս տարբեր շահառու խմբերի համար կենսաթոշակների ավելացման չափերը։ Միաժամանակ հիշեցվում է, որ կենսաթոշակների և նպաստների դեպքում շարունակելու է գործել անկանխիկ առևտրի խրախուսման ծրագիրը։
Այս ծրագրի շրջանակում կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են ստանալ մինչև 10 հազար դրամ հետվճար՝ իրենց կատարած անկանխիկ գնումների 20 տոկոսի չափով։ Քարտերից գումար կանխիկացնել հնարավոր է, սակայն հետվճար ստանալու համար գնումները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում նշեց, որ պետական համակարգի պահպանման ծախսերի օպտիմալացման արդյունքում հնարավոր է դարձել լրացուցիչ միջոցներ ուղղել սոցիալական ծրագրերին։
«2025 թվականի բյուջեով պետական համակարգի պահպանման ծախսերը 6,5 միլիարդ դրամ էին։ Մենք այդ ծախսերը կրճատեցինք և արդյունքում այսօր 78 միլիարդ դրամ ուղղում ենք մեր թոշակառուներին»,– ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է պետական կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունը, որի արդյունքում հնարավոր կլինի գեներացնել նոր ֆինանսական ռեսուրսներ սոցիալական և զարգացման ծրագրերի համար։
Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք․ Քաջարան–Ագարակ հատված
Կառավարությունը նաև որոշում ընդունեց Սյունիքի մարզում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։ Այս քայլը պայմանավորված է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Քաջարան–Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման անհրաժեշտությամբ։
Ծրագրով նախատեսվում է կառուցել.
-
5 նոր տրանսպորտային հանգույց
-
6 նոր վերգետնյա անցում
-
2 նոր թունել՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ
-
15 նոր կամուրջ
Ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և արդեն ընթացքի մեջ են։ Սակայն նախագծային փոփոխությունների արդյունքում ճանապարհի օտարման գոտու սահմաններում են հայտնվել նաև Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Մեղրի բնակավայրերում գտնվող 88 հողամասերի որոշ հատվածներ։
Կառավարության ընդունած որոշմամբ այդ հողամասերի ազդակիր հատվածները ևս ճանաչվում են հանրության գերակա շահ, ինչը հնարավորություն կտա շարունակել շինարարական աշխատանքները։ Սեփականության օտարման գործընթացը նախատեսվում է սկսել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ծրագրի ֆինանսավորումը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սիսիան–Քաջարան հատվածի ծրագրի շրջանակում նախատեսված միջոցների վերաբաշխման միջոցով։
Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի ժամկետների երկարաձգում
Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետի երկարաձգմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրի համայնքում կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր սահմանային անցակետ։ Նախագիծը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով՝ շուրջ 10,6 միլիոն եվրո, ինչպես նաև Եվրամիության ներդրումային դրամաշնորհով՝ մոտ 10,5 միլիոն եվրո։ Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորում է նաև ավելացված արժեքի հարկի ծախսերը, որոնք կազմում են շուրջ 2,1 միլիոն եվրո։
Ծրագրի իրականացման ժամկետները հետաձգվել էին ինչպես «Covid-19» համավարակի, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Շինարարական աշխատանքների իրականացման համար 2023 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքվել «TANA ENERGY MANAGEMENT» ընկերության հետ։
Նախնական պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետը սահմանված էր 920 օր, սակայն հետագայում այն երկարացվել է մինչև 980 օր։ Շինարարության մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին։
Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական և կազմակերպական մի շարք հանգամանքներ, ինչպես նաև մաքսային մարմինների և ազգային անվտանգության ծառայության գործառութային փոփոխությունները ազդել են աշխատանքների տեմպերի վրա։ Արդյունքում շինարարության ավարտը այժմ նախատեսվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջը։
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով
Նիստում քննարկվեց նաև կրթական ենթակառուցվածքների հետ կապված հարց։ Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2026 թվականի պետական բյուջեում՝ մարզպետարանների աշխատակազմերին հատկացնելով 339 միլիոն դրամ։
Այդ միջոցները նախատեսված են կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 7,4 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և դրանց փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև 1,4 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում լրացուցիչ 503,5 միլիոն դրամ է հատկացվել 470 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և 10 տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս որոշումները կապված են «300 դպրոց» ծրագրի իրականացման հետ։
«Խոսքը նոր կառուցվող դպրոցների մասին է։ Մենք ասել ենք, որ երեխաները պետք է գնան նոր դպրոց՝ նոր ճանապարհներով։ Ծնողների հետ քննարկումների ընթացքում նաև նոր գաղափարներ են առաջացել տրանսպորտային լուծումների վերաբերյալ, և դրանք նույնպես կփորձարկենք»,– նշեց վարչապետը։
Կառավարության նիստում ընդունված որոշումները, ըստ իշխանությունների, ուղղված են սոցիալական պաշտպանության ուժեղացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18 -
Մերձավոր Արևելքի պատերազմը համաշխարհային տնտեսության ամրության փորձություն է․ ԱՄՀ
2026/03/05/ 16:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»