ABNews

Թվային կախվածության նոր ճգնաժամը․ երբ սքրոլինգը դառնում է առողջապահական խնդիր

Վերլուծություն | 2026/11/23 17:56

Թվային կախվածության նոր ճգնաժամը․ երբ սքրոլինգը դառնում է առողջապահական խնդիր

Դումսքրոլինգը (doomscrolling) կարող է թվալ մեր ավելի ու ավելի թվայնացվող կյանքի աննշան կողմնակի երևույթ, սակայն որոշ մասնագետներ այն այժմ կապում են համաշխարհային հանրային առողջապահության ճգնաժամի հետ։

«Lancet Psychiatry» ամսագրում հրապարակված խոշոր հետազոտության համաձայն՝ աշխարհի բնակչության ավելի քան 10 տոկոսը խնդրահարույց կերպով է օգտվում համացանցից։ Այդ երևույթն ընդգրկում է 21-րդ դարում տարածված մի շարք թվային վարքագծեր՝ սկսած սոցիալական ցանցերում անվերջ ոլորելուց մինչև առցանց խաղամոլությունը, իմպուլսիվ գնումներն ու խաղերի չարաշահումը։

Այս վարքագծերն ունեն ընդհանուր գծեր, մասնավորապես՝ մարդու համար դժվար է վերահսկել սեփական գործողությունները։ Արդյունքում՝ համացանցի խնդրահարույց օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության, սոցիալական կյանքի, կրթության, աշխատանքի և կյանքի ընդհանուր որակի վրա։

«Թվային տեխնոլոգիաներն այժմ միահյուսված են ժամանակակից կյանքի գրեթե բոլոր ոլորտներին և հսկայական օգուտներ են բերում,— հայտարարության մեջ նշել է հետազոտության համահեղինակ, Ֆլինդերսի համալսարանի հոգեկան առողջության և բարեկեցության պրոֆեսոր Ժոլտ Դեմետրովիչը։— Մարտահրավերն այն է, որ գտնվեն վնասը նվազեցնելու ուղիներ՝ միաժամանակ պահպանելով կապի մեջ լինելու բազմաթիվ առավելությունները»։

Հետազոտողները պարզաբանում են, որ խնդիրն ինքնին համացանցը չէ, ուստի ընդհանուր արգելքներն ու տարիքային սահմանափակումները կարող են ծառայել միայն որպես ժամանակավոր լուծում։ Ավելի շուտ՝ խոսքը հարթակների կողմից կիրառվող այն մեխանիզմների մասին է, որոնք նախատեսված են օգտատերերին ներգրավված պահելու և դրանով իսկ գովազդների, սեղմումների ու գործարքների միջոցով եկամուտ ապահովելու համար։ Դրանց թվին են դասվում անվերջ հոսքերը, թիրախային առաջարկությունները, անդադար ծանուցումներն ու կարճ տեսանյութերի ինքնաշխատ նվագարկումը։

Ի վերջո, հետազոտողները եզրակացնում են, որ հանրային առողջության այս մտահոգությունը մեղմելու պատասխանատվությունը կրում են հենց ընկերությունները, թեև նրանք, ովքեր ակնկալում են, որ Meta-ի և Google-ի նման խոշոր տեխնոլոգիական կորպորացիաները կսկսեն ինքնակարգավորվել, գրեթե անկասկած մեծ հիասթափություն կապրեն։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը