2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 14 անշարժ դիտակայան, որոնցից 6-ը տեղադրվելու են Երևանում։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում, որոնց համաձայն՝ 2027 թվականի նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մեթոդաբանություններ։

Փոփոխությունները ներառված են 2025–2030 թվականների մթնոլորտային օդի պահպանության համալիր ծրագրում, որը նախատեսում է մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 14 անշարժ դիտակայան, որոնցից 6-ը տեղադրվելու են Երևանում։

2025 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ՝ երկու դիտակայանի ձեռքբերման համար։ Դրանք արդեն տեղադրվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում և Քանաքեռ-Զեյթունում։

Ներկայում իրականացվում են սարքավորումների փորձարկման և ճշգրտման աշխատանքներ։

Նոր համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում ստանալ տվյալներ օդի հիմնական աղտոտիչների վերաբերյալ և բարձրացնել գնահատման ճշգրտությունը։

Ներկայացված փոփոխությունները ցույց են տալիս, որ օդի որակի վերահսկումը տեղափոխվում է տեխնոլոգիական և չափելի ցուցանիշների վրա հիմնված համակարգի։