Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենսդրության համաձայն՝ ներգաղթային վիզա ստանալու համար դիմած բոլոր քաղաքացիները պարտադիր կարգով պետք է անցնեն բժշկական զննում: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պարզաբանմանը:
Իրավական այս պահանջը սահմանված է ԱՄՆ Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքով և միտված է հանրային առողջության պահպանմանը:
Բժշկական զննության գործառույթները ըստ դեսպանության հաղորդագրության՝ բուժզննման ընթացակարգն իրականացնում է երկու հիմնական գործառույթ.
Վարակիչ հիվանդությունների հայտնաբերում. Գործընթացն ուղղված է հանրային առողջության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ախտորոշմանը՝ ԱՄՆ տարածքում դրանց հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
Պատվաստումների ստուգում. Զննությամբ պաշտոնապես հաստատվում է, որ դիմողն անցել է ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պատվաստումների ամբողջական կուրսը:
Այս իրավական կարգավորումը հանդիսանում է ԱՄՆ ներգաղթային քաղաքականության անվտանգային բաղադրիչներից մեկը, որի չկատարումը հանգեցնում է ներգաղթային վիզայի տրամադրման հայտի մերժմանը:

