ABNews

ՆԱՏՕ-ում հայտարարել են ՀՕՊ համակարգերի շտապ համախմբման անհրաժեշտության մասին

Լուրեր | 2026/05/13 21:55

ՆԱՏՕ-ում հայտարարել են ՀՕՊ համակարգերի շտապ համախմբման անհրաժեշտության մասին

«ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների օդային տարածքի Ռուսաստանի պարբերական խախտումներն ընդգծում են դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերի շտապ համախմբման անհրաժեշտությունը՝ ընդդեմ հրթիռների և անօդաչու սարքերի»,- չորեքշաբթի հայտարարել են դաշնակից 14 երկրների առաջնորդները:

Բուխարեստում անցկացված արևելյան թևի դաշնակիցների հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ նրանք միաժամանակ կոչ են արել ավելի սերտ համագործակցություն հաստատել պաշտպանական արդյունաբերության ներուժի հզորացման գործում: Հանդիպմանը ներկա էին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ծայրահեղ առճակատման գործողությունները դաշնակիցների և գործընկերների դեմ, ներառյալ՝ սաբոտաժը, կիբերհարձակումները, ինչպես նաև հիբրիդային հարձակումների և ապակայունացնող գործունեության լայն շրջանակը,- ասված է առաջնորդների համատեղ հայտարարության մեջ: -Արևելյան թևում օդային տարածքի պարբերական խախտումներն ընդգծում են ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության շարունակական ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը, դրանց թվում՝ ընդդեմ անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքների»:

Չորեքշաբթի անցկացված մեկօրյա հանդիպման մասնակիցների թվում էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս ԴիՆաննոն:

Հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսին Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, նպատակ ունի ուղիներ գտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև Իրանի ճգնաժամի հարցում աճող տարաձայնությունները հաղթահարելու համար:

«Տրանսատլանտյան պաշտպանական-արդյունաբերական բազայի հետագա ընդլայնումը, ներառյալ արտադրական հզորությունների ավելացումը, մատակարարման շղթաների կայունության բարձրացումը, արդյունավետ բազմազգ գնումները... վճռորոշ նշանակություն ունեն անվտանգության ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Փաստաթուղթը ստորագրել է այսպես կոչված «B9 խումբը», որը միավորում է ՆԱՏՕ-ի կենտրոնական և արևելաեվրոպական ինը դաշնակիցներին. այն ստեղծվել է Բուխարեստում 2014 թվականին: B9 խմբի մեջ մտնում են Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան:

Զելենսկին հանդիպման մասնակիցներին հայտնել է, որ առայժմ դժվար է ասել, թե ինչ արդյունքներ կարելի է ակնկալել Անկարայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, սակայն այն պետք է դրական ազդակներ հղի ամբողջ եվրաատլանտյան հանրությանը:

«Միևնույն ժամանակ, մենք չպետք է վախենանք քննարկել ավելի միասնական և, որոշ ոլորտներում, ավելի ինքնուրույն եվրոպական ռազմական կարողությունները», — ընդգծել է Զելենսկին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը