ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի 2025 թվականի տարեկան հաշվետվությունում առանձին անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին։
Փաստաթղթում տարածաշրջանը ներկայացվում է որպես դաշինքի անվտանգության համար կարևոր ուղղություն՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակական ազդեցությունը։ Այս համատեքստում ՆԱՏՕ-ն դրական է գնահատում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումը։
Հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է առաջընթաց խաղաղության գործընթացում, և ընդգծվել է ԱՄՆ ներգրավվածությունը բանակցությունների առաջխաղացման գործում։
Առանձին շեշտադրում է արվել 2025 թվականի օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման վրա, որը դիտարկվում է որպես քայլ տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ։
ՆԱՏՕ-ն նաև հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։
Միաժամանակ, հաշվետվությունում անդրադարձ կա տարածաշրջանային գործընկերների հետ փոխգործակցությանը։ Հայաստանը նշվում է որպես ՆԱՏՕ-ի Building Integrity ծրագրի շրջանակում աջակցություն ստացող երկիր, որը ուղղված է պաշտպանության և անվտանգության ոլորտներում թափանցիկության և կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Փաստաթուղթը հայ-ադրբեջանական գործընթացը ներկայացնում է որպես Հարավային Կովկասում կայունության ձևավորման առանցքային գործոն՝ լայն տարածաշրջանային անվտանգության համատեքստում։

