Մշակութային արժեքների արտահանման տուրքերի փոփոխության նախագիծը՝ ԱԺ հանձնաժողովում

Օրենքում ներառվել են նոր եզրույթներ։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է սահմանել մշակութային արժեքների արտահանման լիցենզիա-եզրակացություն և մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն՝ որպես թույլատրող փաստաթուղթ։

Օրենքում ներառվել են նոր եզրույթներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ավելի ճկուն և տարանջատված քաղաքականություն մշակութային արժեքների արտահանման գործընթացում։

Մասնավորապես սահմանվում են՝

  • հանքագիտության և հնէաբանության հավաքածուների արտահանման լիցենզիա-եզրակացություն,

  • «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանման եզրակացություն,

  • «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգերով արտահանման թույլատրող փաստաթղթեր։

Որոշ դեպքերում փոփոխվում է նաև պետական տուրքի չափը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունները ամբողջությամբ չեն ընդգրկում գործող օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները։

Փոփոխությունների նպատակն է պետական տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին, բարձրացնել վարչարարության արդյունավետությունը և կանոնակարգել մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումն ու ներմուծումը։

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։ Նիստը տեղի է ունեցել փետրվարի 24-ին։