ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կոռուպցիոն դեպք՝ կապված Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձի հետ։
Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնյան օգտագործել է իր լիազորությունները և կաշառք ստացել նպաստների գործընթացում ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մասնավորապես՝ 2022 թվականին նա Լոռու մարզի բնակչից ստացել է մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց։ Պաշտոնյան չի արձանագրել, որ տվյալ անձը աշխատում է և ունի խոշոր եղջերավոր անասուններ, ինչպես նաև կազմել է կեղծ փաստաթուղթ։
Բացահայտվել է նաև նմանատիպ երկրորդ դեպք՝ մեկ այլ բնակչից կաշառք ստանալու վերաբերյալ։
Արդյունքում երկու անձ ստացել են ընդհանուր 786,000 դրամի նպաստ։
Պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի և հափշտակության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լոռու մարզի երեք բնակչի։
Քրեական վարույթը ավարտվել է և ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

