Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը՝ այն դիտարկելով որպես երկու երկրների միջև գործընկերության խորացման կարևոր դրսևորում։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ քայլերը՝ կարևորելով նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջիկա այցը Երևան։

Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության ծրագրերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։