2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում, իրականացրել են այց Պաշտպանության նախարարության N ուսումնական զորամաս։
Այցի նպատակը եղել է նորակոչիկների ծառայության ներգրավման գործընթացի, սկզբնական պատրաստության կազմակերպման, ծառայության պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի և զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակի ուսումնասիրումը։
Հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում։ Ուսումնասիրվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները և առօրյա ծառայության ընթացքը։
Մարդու իրավունքների պաշտպանը զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ։ Զինծառայողները ներկայացրել են ծառայության ներգրավվելուց հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և ծառայակիցների հետ փոխհարաբերությունները, ինչպես նաև զինվորական ծառայության ինտեգրման գործընթացին առնչվող հարցերը։
Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո և հասցեավորվում է տարբեր վերահսկողական և գնահատողական մեխանիզմներով։
Միաժամանակ արձանագրվել է, որ զինված ուժերում իրականացված որոշ փոփոխություններ հանգեցրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոլորտային դրական դինամիկայի և ծառայության պայմանների զարգացման։

