Microsoft ընկերությունը պաշտոնապես նախազգուշացրել է պետական և գործարար կառույցներին SharePoint սերվերների նկատմամբ իրականացվող ակտիվ կիբերհարձակումների մասին։
Ընկերությունը հորդորել է անհապաղ տեղադրել անվտանգության թարմացումներ՝ կանխելու սերվերների վնասումը կամ տվյալների արտահոսքը։
Հարձակումը, ըստ Washington Post-ի, իրականացվել է «զրոյական օրվա» սկզբունքով՝ շահարկելով նախկինում չբացահայտված խոցելիություն։ Թիրախում են հայտնվել ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պետական և մասնավոր կառույցներ։ Microsoft-ը ընդգծել է, որ հարձակման ենթակա են միայն տեղային SharePoint սերվերները, մինչդեռ Microsoft 365 ամպային հարթակը անվտանգ է։
Եթե հաճախորդները չեն կարողանում ապահովել համապատասխան պաշտպանություն, խորհուրդ է տրվում ժամանակավորապես անջատել սերվերները համացանցից՝ մինչև անվտանգության թարմացումների տրամադրումը։
Աղբյուրը՝ Reuters

