Մենք միայն խաղաղություն ենք մաղթում Հայաստանին և Ադրբեջանին․ Զելենսկի

Զելենսկին ընդգծել է այն կարևորությունը, որ այսօր Հայաստանը հանդես է գալիս եվրոպական երկրների հետ միասին։

Հայաստանին և Ադրբեջանին մաղթում ենք միայն խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ և երկարաժամկետ։ Այս մասին մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք խաղաղություն ենք մաղթում Ձեզ, պարոն վարչապետ, և նախագահ Ալիևին։ Մաղթում ենք դա երկու պետություններին էլ»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է այն կարևորությունը, որ այսօր Հայաստանը հանդես է գալիս եվրոպական երկրների հետ միասին։ Նա հավելել է, որ վերջին 24 տարվա ընթացքում իր այցը Հայաստան Ուկրաինայի նախագահի առաջին այցն է, և սա իսկապես նշանակալի փաստ է։ Դա ցույց է տալիս կյանքի արժեքը գնահատողների միասնության մասշտաբը։

Զելենսկին նաև ողջունել է այս գագաթնաժողովին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը՝ նշելով, որ եկել է Եվրոպայի և Կանադայի կողմից կիսվող ընդհանուր արժեքները համատեղ հնարավորությունների վերածելու ժամանակը։

«Սիրելի՛ բարեկամներ, մարտահրավերներն ակնհայտ են։ Մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը դեռևս ավարտված չէ, և այն կարող է դառնալ երկարատև անկայունության պատճառ և բարձրացնել կյանքի գինը բոլորի համար։ Էներգետիկայի և անվտանգության ոլորտներում մեր համագործակցությունը պետք է լինի իրական, և մենք պետք է օգնենք միմյանց պատրաստվել ձմռանը, էներգետիկ մարտահրավերներին, և մենք պետք է ձգտենք երկարաժամկետ լուծումների հասնել Հորմուզի նեղուցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։