ABNews

Մեկնարկում են Բաթումիի և Սևանի ուղերթները, փոխվել է Գյումրի-Երևան գնացքի ժամը

Լուրեր | 2026/06/02 14:42

Մեկնարկում են Բաթումիի և Սևանի ուղերթները, փոխվել է Գյումրի-Երևան գնացքի ժամը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի կեսերից անցնում է ամառային սեզոնի միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացմանը: Փոփոխություններ են կատարվել ինչպես դեպի Սևան և Բաթումի ամառային ուղղություններում, այնպես էլ Գյումրի-Երևան հանրաճանաչ արագընթաց երթուղու չվացուցակում:

Երթուղիների մեկնարկն ու ժամանակացույցը

Երևան-Սևան-Շորժա-Երևան

Հունիսի 12-ից (Ուրբ, Շբթ, Կիր)

Մեկնարկում է դեպի Սևանա լիճ սեզոնային էլեկտրագնացքը: Մեկնումը Երևանից՝ ժամը 08:30-ին, վերադարձը Շորժա կայարանից՝ ժամը 17:00-ին:

Գյումրի-Երևան արագընթաց (№101)

Հունիսի 12-ից (Ամեն օր)

Ուղևորների հարմարավետության համար փոխվում է չվացուցակը. գնացքը Գյումրի կայարանից կմեկնի ժամը 19:40-ին (նախկին 17:55-ի փոխարեն):

Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան

Հունիսի 14 - Հոկտեմբերի 1 (Օրընդմեջ)

Մեկնարկում են դեպի Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր միջազգային փոխադրումները «Արմենիա» ֆիրմային գնացքով:

Միջազգային ուղերթներ. Երևան-Թբիլիսի-Բաթումի

Դեպի Բաթումի ուղևորափոխադրումներն իրականացվելու են ժամանակակից և հարմարավետ «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի վագոնները հատուկ հարմարեցված են հեռավոր ուղերթների համար:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից, այնպես էլ առցանց եղանակով: Ընկերությունը ներդրել է տոմսերի առցանց գնման արդիականացված նոր համակարգ, որն այժմ գործում է թեստային ռեժիմով, սակայն արդեն իսկ հասանելի է «Արմենիա» գնացքի տոմսերի ամրագրման համար:

Փոփոխություն Գյումրի-Երևան երթուղում

Գյումրի-Երևան №101 արագընթաց գնացքի մեկնման ժամի տեղափոխումը դեպի ուշ երեկոյան ժամ (19:40) նպատակ ունի զբոսաշրջիկներին և քաղաքի հյուրերին հնարավորություն տալ ավելի երկար ժամանակ անցկացնել Գյումրիում մինչև մայրաքաղաք վերադառնալը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը