Մեկ շաբաթում՝ ավելի քան 18 հազար խախտում․ պարեկները ամփոփել են արդյունքները

Բացի այդ, 80 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Ապրիլի 20-27-ը Երևանում և մարզերում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների հազարավոր խախտումներ։

Երևանում արձանագրվել է 3725 խախտում, որոնցից 112 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Մայրաքաղաքում հայտնաբերվել է 133 ոչ սթափ վարորդ, 83 անձ՝ առանց վարորդական իրավունքի։ Արձանագրվել են նաև չամրակապված վարելու (328), վարելիս ծխելու (388), հեռախոսից օգտվելու (128) և այլ խախտումներ։

Բացի այդ, 80 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած։

Մարզերում իրավիճակն ավելի ծավալուն է եղել․ արձանագրվել է 14528 խախտում, իսկ 233 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող տարածք։

Հայտնաբերվել է 254 ոչ սթափ վարորդ և 373 անձ՝ առանց վարորդական իրավունքի։ Արձանագրվել են նաև արագության գերազանցման (2342), չամրակապված վարելու (3519), հեռախոսից օգտվելու (621) և այլ խախտումներ։

Նշվում է, որ տարբեր կասկածանքներով մայրաքաղաքում բերման է ենթարկվել 59, մարզերում՝ 39 անձ։