Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնն է մոտենում Հայաստանին։ Այս մասին հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։
Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, ինչպես նաև մարտի 15-16-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ թաց ձյան և անձրևի։
Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես կդադարեն՝ շուրջ երկու օրով։
Օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին էապես չի փոխվի, սակայն գիշերային ժամերին կնկատվի ջերմաստիճանի բարձրացում։

