Մեկնարկում է Ուսուցիչ–վերապատրաստողների ատեստավորման ծրագիրը
Լուրեր |
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծրագրի մեկնարկի առիթով հյուրընկալել է վերոնշյալ ուսուցիչներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է Ուսուցիչ–վերապատրաստողների ատեստավորման ծրագիրը, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 29-ին։ Ծրագրին կմասնակցի ՀՀ տարբեր մարզերի դպրոցների 22 ուսուցիչ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծրագրի մեկնարկի առիթով հյուրընկալել է վերոնշյալ ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:
Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ուսուցիչներին ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ՝ նրանց մաղթելով բարի ընթացք և հետաքրքիր ուսումնառություն:
«Նախարարությունն ուսուցիչների կարողությունների զարգացման բազմապիսի ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Հատկապես անգլերենի ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հարցում մեծ մասով ապավինում ենք Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերին: Եթե խոսում ենք ուսուցիչների կարողությունների զարգացման և ուսուցիչների վերապատրաստման մասին, ապա պետք է նաև հստակ պատկերացում ունենանք, թե ում ենք վերապահում վերապատրաստելու հնարավորությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ այս պահին գործող համակարգով սահմանվել են համապատասխան պահանջներ՝ աշխատանքային, վերապատրաստման, փորձագիտական աշխատանք կատարելու փորձ և այլն:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ Բրիտանական խորհրդի հետ տևական ժամանակ այս ուղղությամբ աշխատանքներ են ընթացել. քննարկվել է բրիտանական փորձը՝ հատկապես հաշվի առնելով ուսուցիչների հերթական ատեստավորման շրջանակում ուսուցչի մասնագիտական զարգացման ողջ շրջանակը:
«Ծրագրի հայտերի ընդունման գործընթացն ավարտվել է: Ներկայացվել է 123 հայտ, որից ընտրվել է 22-ը: Քանի որ խոսքը բրիտանական փորձի տեղայնացման մասին է, և նյութերը, բնականաբար, առաջին հերթին անգլերեն են, որոշում կայացվեց՝ սկսել անգլերենի ուսուցիչների վերապատրաստումից:
Գիտեմ, որ բավական մեծ մրցույթ եք անցել. այս փուլում գուցե վերապատրաստման փորձառություն ունեք, սակայն անցնելով ծրագիրը՝ դուք նաև վերապատրաստողի կարգավիճակ կստանաք: Մի կողմից սա հաղթանակ է, մյուս կողմից՝ բարդ գործընթաց: Առանց ջանք ներդնելու՝ անհնար է ունենալ մասնագիտական զարգացում. ժամանակակից մանկավարժությունը և տեխնոլոգիական զարգացումները նոր գիտելիքներ ձեռք բերելու, դրանք փորձարկելու անհրաժեշտություն են առաջացնում»,- նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Ծրագրի մանրամասներն ու առանձնահատկությունները ներկայացրել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը՝ ընդգծելով ծրագրի կապը հանրակրթական բարեփոխումների հետ. «Այս ծրագիրը Բրիտանական խորհրդի յուրահատուկ և նորարար դասընթացներից մեկն է, որը ստեղծվել է ուսուցիչ վերապատրաստողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի հիման վրա»։
Նրա տեղեկացմամբ՝ դասընթացն ունի երկու կարևոր առանձնահատկություն. նախևառաջ այն նախատեսված է գործող ուսուցիչների համար, որոնք ուզում են դառնալ ուսուցիչ վերապատրաստող կամ գործող վերապատրաստողներ են և ցանկանում են թարմացնել իրենց կարողությունները և գիտելիքը: «Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ծրագիրը Բրիտանական խորհրդի միակ կրեդիտավորված վերապատրաստման դասընթացն է, որի մասնակից ուսուցիչները, հաջողությամբ ավարտելով այն, կրելու են ուսուցիչ վերապատրաստողի պաշտոնական տիտղոսը և կարող են իրականացնել վերապատրաստումներ»,- մեկնաբանել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը։
Նա շեշտել է, որ ծրագիրն ամբողջովին անվճար է ուսուցիչների համար. ծախսերը հոգում է Բրիտանական խորհուրդը: Եզրափակելով խոսքը՝ Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության՝ հաջող համագործակցության համար:
Նշենք, որ Ուսուցիչ–վերապատրաստողների ատեստավորման ծրագիրը ներառում է երկու առցանց փուլ. ծրագրի առաջին փուլը՝ նախապատրաստական ծրագիրը (LPACTE), մշակվել է որպես հիմնական ծրագրին նախորդող ուսումնական փուլ։ Նախապատրաստականը փուլը կանցկացվի 2025 թ․ սեպտեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը՝ շաբաթական միջինը 3 ժամ ուսուցմամբ, իսկ հիմնական փուլը (ACTE)՝ 2026 թ․ հունվարի 12-ից ապրիլի 10-ը՝ շուրջ 50 ժամ ուղեկցվող ուսուցմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․