Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։
Միջոցառումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սեմինարը տարիների ընթացքում ձևավորվել է որպես միջազգային կարևոր հարթակ՝ միավորելով շուրջ 40 երկրի ավելի քան 140 կառույցի։ Նրա խոսքով՝ այն հնարավորություն է տալիս քննարկել գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման արդիական խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ։
Նախարարն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում ժառանգության թվայնացման, ուսումնասիրման և հանրային հասանելիության ապահովման համար։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշել է, որ սեմինարին այս տարի մասնակցում են շուրջ 145 միջազգային կառույցներ՝ ներառյալ վերականգնման կենտրոններ, գրադարաններ, թանգարաններ և արխիվներ։ Նա կարևորել է գրավոր ժառանգության պահպանման միասնական միջազգային պատասխանատվությունը։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին մշակութային ժառանգության պահպանման գործում։
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության մեդալով պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի մասնագետ Թամարա Օհանյանը։ Տեղի է ունեցել նաև «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման արարողություն և բացվել է արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիա։

