ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 30 մլրդ դրամ
2025 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քրեական վարույթների շրջանակում վերականգնվել է 30 մլրդ 341 մլն դրամի վնաս։ Ավարտված վարույթներով վերականգնվել է 15 մլրդ 463 մլն դրամ։ Դատախազության տվյալներով՝ վերականգնումներ են կատարվել նաև նախկին պաշտոնատար անձանց և պատգամավորների հետ կապված գործերով։
3 օրում բացահայտվել է 268 հանցագործություն
Վերջին երեք օրում իրավապահ մարմինները բացահայտել են 268 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Գրանցվել է 30 ճանապարհատրանսպորտային պատահար։ Հայտնաբերվել է 24 հետախուզվող, իսկ մեկ անձ կամավոր ներկայացել է իրավապահներին։
Պարզեցվում է մինչև 300 քմ բնակելի տների կառուցման թույլտվության գործընթացը
Հայաստանում նախատեսվում է պարզեցնել մինչև 300 քմ անհատական բնակելի տների կառուցման թույլտվության ստացման կարգը։ Նախագծի պարտադիր փորձաքննությունը կփոխարինվի արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։ Համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2026 թվականի հունիսի 1-ից։
Հայաստան աղտոտված օդի ներթափանցման վտանգ չկա
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան աղտոտված օդի ներթափանցման վտանգ չկա։ Վերջին օրերի տեղումների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թթվայնության կամ քիմիական կազմի փոփոխություն չի արձանագրվել։
Գործարկվել է սպառողների բողոքների համար թվային հարթակ
Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը գործարկել է «Սպառողի օգնական» թվային հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել սպառողական իրավունքներին առնչվող բողոքներ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Թրամփը նավթի գների աճը անվանել է «չնչին գին» անվտանգության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների բարձրացումը ժամանակավոր է և այն «չնչին գին» է անվտանգության ապահովման դիմաց։
Դուբայի անշարժ գույքի շուկան ճնշման տակ է
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ։ Ներդրողները դարձել են ավելի զգուշավոր, իսկ գործարքների ակտիվությունը կարող է ժամանակավորապես նվազել։
ԱԶԲ-ն գնահատում է պատերազմի հնարավոր ազդեցությունը Ասիայի տնտեսության վրա
Ասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության տնտեսական հետևանքները Ասիայի համար մեծապես կախված կլինեն դրա տևողությունից։
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 800 դոլարը
Մարտի 9-ի սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը առաջին անգամ 2023 թվականի հունվարից հետո գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։ Դա պայմանավորված է նավթի գների աճով և տարածաշրջանային լարվածությամբ։

