Մարտի 4-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

ՀՀ վարչապետը հանդիպել է Վրաստանի վարչապետին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթրիքի սեղանի շուրջ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նշվում է, որ այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, ինչպես նաև երկու վարչապետների առանձնազրույցը։

Թեհրանում պայթյուններ և հրդեհներ

ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների ֆոնին Թեհրանում մի քանի հզոր պայթյուն է գրանցվել։ Ականատեսների փոխանցմամբ՝ քաղաքի տարբեր հատվածներում լսվել են պայթյունների ձայներ և նկատվել ծխի սյուներ, իսկ որոշ վայրերում խոշոր հրդեհներ են սկսվել։

ԱՄՆ գործողությանը ներգրավված են տասնյակ հազարավոր զինծառայողներ

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Բրեդլի Կուպերը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողություններին մասնակցում է ավելի քան 50 հազար զինծառայող, շուրջ 200 կործանիչ, երկու ավիակիր և ռմբակոծիչներ։

Դուբայում հարված՝ ԱՄՆ հյուպատոսությանը

Դուբայում ԱՄՆ հյուպատոսության մոտ իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի կադրերը տարածվել են համացանցում։

ԱՄՆ-ը հայտարարել է իրանական նավերի ոչնչացման մասին

ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է իրանական 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Նշվում է նաև, որ Պարսից ծոցում այլևս իրանական նավեր չեն մնացել։

Իրանը հայտարարել է ամերիկյան կործանիչի խոցման մասին

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են ամերիկյան F-15 կործանիչ։ ԱՄՆ-ը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը։

Թրամփը գնահատել է Իրանի դեմ հարվածների արդյունքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–Իսրայել համատեղ գործողության արդյունքում Իրանի ռազմական հնարավորություններին մեծ վնաս է հասցվել։ Նրա խոսքով՝ գործողության ընթացքում «գրեթե ամեն ինչ ոչնչացվել է»։

ԱՄՆ-ը ռազմական գործողություն է սկսել Էկվադորում

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություն է սկսել Էկվադորի տարածքում գործող թմրակարտելների դեմ։ Գործողությունն իրականացվում է ամերիկացի և էկվադորցի զինվորականների համատեղ մասնակցությամբ։

Երևանի քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի քաղաքաշինական ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի բանկերի ղեկավարներին ներկայացրել է մայրաքաղաքի քաղաքաշինական խոշոր ծրագրերը՝ ընդգծելով համայնք-մասնավոր համագործակցության կարևորությունը։

«Նորդուզ» անցակետում սահմանափակվել է քաղաքացիների անցումը

Հայ-իրանական սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետում քաղաքացիների անցումը ժամանակավորապես դադարեցվել է ինտերնետային կապի խափանման պատճառով։ Բեռնատարների շարժը, սակայն, շարունակվում է։

Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ցանկացած առաջնորդ, ով կշարունակի սպառնալ Իսրայելին կամ ԱՄՆ-ին, կդառնա թիրախ և կվերացվի։ Նա նշել է, որ գործողությունները շարունակվելու են ամերիկացի գործընկերների հետ համատեղ։