Մարտի 4-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՊՈՍ տերմինալներով քարտային գործարքների միջնորդավճարների սահմանաչափեր են սահմանվել

Մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար սահմանվել են ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն շեմեր։
ARCA քարտերով գործարքների դեպքում՝ 0.5%
Հայկական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard քարտերով՝ 0.9%։

LA Times-ը անդրադարձել է ԶՊՄԿ-ին

LA Times-ում հրապարակվել է հոդված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլու խոսքով՝ վերջին 4 տարում ԶՊՄԿ-ն դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Ընկերության ազդեցությունը երկրի ՀՆԱ-ում կազմում է մոտ 3%։

Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է

Starlink ընկերության կողմից Հայաստանին նվիրաբերված 100 նոր տերմինալ արդեն հասել է Հայաստան։ Սարքավորումները նախատեսվում է տեղադրել դպրոցներում՝ արագ և կայուն ինտերնետ ապահովելու նպատակով։

Հայաստան–Իրան բեռնափոխադրումները շարունակվում են սովորական ռեժիմով

ՊԵԿ-ից հայտնում են, որ Իրանում ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան։ «Ագարակ» մաքսային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Հայաստան–Վրաստան տնտեսական համագործակցությունը խորանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը զարգանում է և հիմնված է երկար տարիների ավանդույթների վրա։ Քաղաքական և տնտեսական երկխոսությունը շարունակում է ակտիվ մնալ։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Դուբայի տնտեսությունը օդանավակայանի խափանումների պատճառով կորցնում է մոտ 1 մլն դոլար րոպեում

Օդանավակայանի աշխատանքի խափանումների հետևանքով Դուբայի տնտեսությունը յուրաքանչյուր րոպեում կորցնում է մոտ 1 մլն դոլար։ Խափանումները ազդում են Emirates ավիաընկերության, հյուրանոցների, առևտրի և տրանսպորտի վրա։

Իսպանիան կոչ է անում ԱՄՆ-ին հարգել միջազգային իրավունքը

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի միջազգային իրավունքն ու առևտրային համաձայնագրերը՝ Վաշինգտոնի կողմից Իսպանիայի հետ տնտեսական կապերը խզելու հայտարարությունից հետո։

Թրամփը նավթի գների անկում է ակնկալում պատերազմի ավարտից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտից հետո նավթի գները կնվազեն և կարող են նույնիսկ ավելի ցածր լինել, քան նախկինում։

Ասիական ֆոնդային շուկաները կտրուկ անկում են ապրել

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին ասիական ֆոնդային շուկաները կտրուկ նվազել են։ Ներդրողները մտահոգված են էներգակիրների մատակարարման հնարավոր խափանումներով, հատկապես Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակով։