ABNews

2026թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Լուրեր | 2026/04/06 11:34

2026թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի մարտ ամսվա շուկայական տվյալները։

Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Մարտին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 29․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 166 գործարք՝ ավելի քան 76․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 95%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 99% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 15․4 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1830 գործարք՝ մարտի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 197 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 458․85 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 786%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 1.65%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 228 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 14 մլրդ ՀՀ դրամ: Մարտ ամսին կնքվել է 132 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 146%-ով։

Մարտին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 13 գործարք՝ ավելի քան 2․6 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 377․75-ից 378․5 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը