Մարտի 2-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

Իրանը հրաժարվում է բանակցություններից ԱՄՆ-ի հետ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցելու Վաշինգտոնի հետ՝ մեղադրելով Դոնալդ Թրամփին տարածաշրջանը քաոսի մեջ գցելու մեջ։ Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը, իսկ ժողովուրդը պաշտպանում է պետությանը։

Թրամփը՝ Իրանի դեմ հնարավոր հարվածների մասին

The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը բավարար զինամթերք ունի Իրանի դեմ գործողությունների համար, և նախնական գնահատականներով հարվածները կարող են տևել մինչև հինգ շաբաթ։

Մեծ Բրիտանիան կարող է բազաներ տրամադրել ԱՄՆ-ին

Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է թույլ տալ ԱՄՆ զինված ուժերին սահմանափակ պաշտպանական նպատակներով օգտագործել բրիտանական բազաները։

Թրամփը՝ Իրանում հնարավոր իշխանափոխության մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի Իրանը ղեկավարելու «երեք շատ լավ թեկնածու»։ Նա չի բացառել պատժամիջոցների չեղարկումը, եթե նոր ղեկավարությունը դրսևորի պրագմատիզմ։

Թոշակները ամեն տարի կբարձրանան գնաճի չափով

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2027 կամ 2028 թվականից կառավարությունը ամեն տարի առնվազն գնաճի չափով կբարձրացնի թոշակները՝ հետընթաց չգրանցելու համար։

Լիբանանում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկը

Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է խորհրդարանում «Հեզբոլլահի» առաջնորդ Մոհամմեդ Ռաադը։ Լիբանանում փակվել են կրթական հաստատությունները։

Լևոն Մկրտչյանի գույքի բռնագանձման հայց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման հայցը՝ ընդհանուր հարյուրավոր միլիոն դրամների պահանջով։

Ավինյանը՝ շինարարության արդյունավետության մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքում ծրագրերը պետք է իրականացվեն սեղմ ժամկետներում՝ օրինակ բերելով Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի կառուցումը։

Ձնամաքրում և փոսալցում Երևանում

Քաղաքապետարանում հայտնել են, որ հիմնական փողոցները մաքրվել են ավազից, օգտագործվել է միայն աղ, և մեկնարկել են փոսալցման աշխատանքները։

Իսրայել–«Հեզբոլլահ» փոխադարձ հարվածներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռային և անօդաչու հարձակումների։

Ծոցի երկրները փակել են օդային տարածքը

Իսրայելա-ամերիկյան գործողությունների և Իրանի պատասխան հարվածների ֆոնին մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը։ Հայաստան նախատեսված 8 չվերթ չեղարկվել է։

Քուվեյթում F-15 կործանիչի կործանում

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Քուվեյթում կործանվել է ամերիկյան F-15 կործանիչ, օդաչուները կատապուլտացվել են։

ՊՆ պաշտոնյայի ձերբակալություն

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ՊՆ տարածքային զինկոմիսարիատի պաշտոնատար անձը ստացել է ապօրինի վարձատրություն։ Նրա նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց։

ԱՀԿ կոչը՝ պաշտպանել քաղաքացիական անձանց

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները Մերձավոր Արևելքում։

Իրանի հայտարարությունը ԱՄՆ ռազմաբազաների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով կան մեծաթիվ զոհեր և տուժածներ։

ԱԺ հանձնաժողովում լեզվակռիվ

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը մեկնարկել է իշխանություն–ընդդիմություն լարվածությամբ։ Քննարկվել է անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը և միասնական ռեեստր ստեղծելու առաջարկը։