ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Ուզբեկստանի Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգի կիրառմանը։
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2025 թվականին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 14%-ը բաժին է հասել արևային կայաններին։ Հայաստանի էներգետիկ համակարգին այժմ միացված են ավելի քան 1150 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ, ինչը 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է մոտ 150 մեգավատտով։
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ
Վրաստանը բարձրացրել է 6 տարուց ավելի հին մարդատար ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը։ Սա կարող է թանկացնել ավտոմեքենաների գները հայկական շուկայում։ Որոշ գնորդներ կարող են սկսել ավելի ակտիվորեն դիտարկել այլ տարբերակներ՝ Եվրոպայից, ԱՄՆ աճուրդներից կամ արաբական երկրներից ավտոմեքենաների ներմուծումը։
2025 թվականին Հայաստան է ժամանել ավելի քան 2.26 մլն զբոսաշրջիկ
2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2,263,642 զբոսաշրջիկ։ Այցելուների 37.5%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից, 15.1%-ը՝ ԵՄ երկրներից, իսկ 47.4%-ը՝ այլ երկրներից։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների առաջին շաբաթում ծախսել է ավելի քան 11 մլրդ դոլար
The New York Times-ի և CBS News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին շաբաթում ծախսել է մոտ 11.3 մլրդ դոլար։
Մերձավոր Արևելքի հակամարտությունը ազդել է Գերմանիայում վառելիքի գների վրա
Գերմանիայում վառելիքի գները աճել են Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով։ Բարձրորակ դիզելային վառելիքի մեկ լիտրի գինը հասել է մոտ 2.4 եվրոյի։
Հորմուզի նեղուցի փակումը Պարսից ծոցի երկրներին արժեցել է 15.1 մլրդ դոլար
Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակման պատճառով Պարսից ծոցի երկրների նավթարդյունահանող ընկերությունները կորցրել են մոտ 15.1 մլրդ դոլարի հասույթ։
ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունվարին նվազել է
ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունվարին նվազել է 18.2%-ով՝ կազմելով 54.5 մլրդ դոլար։ Արտահանման ծավալը աճել է 5.5%-ով՝ հասնելով ռեկորդային 302.1 մլրդ դոլարի։

