Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ։
Փաստաթուղթը կարող է ներկայացվել ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով և պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի ապահովագրական գումարի սահմանաչափով։
Ապահովագրական փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
-
ապահովագրական պայմանագրի կողմերը,
-
ծածկույթի տարածքը,
-
ապահովագրության առարկան,
-
ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվերը,
-
ապահովագրված ռիսկերը,
-
ապահովագրական գումարի սահմանաչափը,
-
ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։
Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։
Պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են՝
-
Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
-
դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
-
դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
-
այն անձինք, որոնց մուտքը Վրաստան նախատեսված է միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
-
միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։
Նոր պահանջը սահմանում է մուտքի վերահսկման միասնական կարգ՝ զբոսաշրջային հոսքերի համար։

