ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Ղազախստանի նախաձեռնած բանաձևը՝ ապրիլի 22-ը հռչակելով Մոլորակի կանաչապատման միջազգային օր, հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կանաչապատման միջազգային օրը սահմանելու նախաձեռնությունը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճերի ընթացքում։ Բանաձևի համահեղինակ են դարձել աշխարհի տարբեր տարածաշրջանները ներկայացնող 32 պետություններ։
Ինչպես նշել են ԱԳՆ-ում, բանաձևի ընդունումն արտացոլում է Ղազախստանի ներդրումը գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի վերականգնման, կանաչ տնկարկների ընդլայնման և բնապահպանական մշակույթի ձևավորման ուղղությամբ միջազգային ջանքերի միավորման գործում։
Փաստաթուղթը կոչված է նպաստելու համաշխարհային հանրության իրազեկվածության բարձրացմանը կանաչապատման և բնական էկոհամակարգերի վերականգնման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև խրախուսելու պետություններին, ՄԱԿ համակարգին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին համապատասխան միջոցառումների ու նախաձեռնությունների իրականացման հարցում։
Մոլորակի կանաչապատման միջազգային օրվա հաստատումը համահունչ է Ղազախստանում իրականացվող «Տազա Ղազախստան» («Մաքուր Ղազախստան») համազգային բնապահպանական ակցիային, որն ուղղված է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, տարածքների բարեկարգմանը և հասարակության բնապահպանական մշակույթի բարձրացմանը, նշել են ԱԳՆ-ում։
«Բանաձևի ընդունումը դարձավ պետության ղեկավարի ևս մեկ միջազգային նախաձեռնության գործնական իրականացումը և հաստատում է Ղազախստանի մոտեցումների պահանջվածությունը, որոնք ուղղված են բազմակողմ համագործակցության ամրապնդմանը՝ հանուն կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանման ապագա սերունդների համար», - նշվել է հաղորդագրությունում։


