ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի ոչնչացրել է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ծառեր։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարբեր պահաբաժիններում շինարարական տեխնիկայի կիրառմամբ կոտրելու և արմատախիլ անելու եղանակով ոչնչացվել է պետական սեփականություն հանդիսացող 208 ծառ։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն եղանակով Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի վարչական տարածքում ոչնչացվել է նաև համայնքային սեփականություն հանդիսացող 119 ծառ։
Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 479 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը և Գյուլագարակ համայնքին պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

