Վարկեր, ավիացիա, պետական գնումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից

Կառավարության այսօրվա՝ հունվարի 22-ի նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են սոցիալական աջակցությանը, տրանսպորտին, գնումների կարգավորմանը, միջազգային ֆինանսական համագործակցությանը և ջրային ռեսուրսների կառավարմանը։

Ընդլայնվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ծրագրում՝ հնարավորություն տալով նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցներին օգտվել միջոցառումից։ Սահմանվել են տեխնիկական վրիպակների պատճառով աջակցության իրավունքից զրկված շահառուների իրավունքների վերականգնման մեխանիզմներ, իսկ դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը։

Կառավարությունը խթանում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի բեռնվածության աճը
2025 թ․ ապրիլից գործարկված աջակցության ծրագրով ավիաընկերությունները յուրաքանչյուր ուղևորի համար կստանան 20,000 դրամ՝ «Զվարթնոց»-ի, և 15,000 դրամ՝ «Շիրակ»-ի դեպքում՝ պարտադիր պայմանով առնվազն մեկ չվերթ իրականացնել Գյումրի։ Քննարկվում է նաև նոր եվրոպական ուղղության բացումը։

Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել պետական գնումներին
«Գնումների մասին» օրենքի փոփոխություններով սահմանվում է, որ այն ընկերությունները, որոնց իրական շահառուները բացահայտված չեն կամ որոնց սեփականատերերը օֆշորային ընկերություններ են, չեն կարող մասնակցել գնումների գործընթացին։

Հայաստանը հաստատեց համաձայնագիրը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ
Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրին, որով սահմանվում են ԿԶԵՀ-ի՝ որպես միջազգային կազմակերպության, Հայաստանի տարածքում գտնվելու պայմանները։ Նշվում է, որ Հիմնադրամի ծրագրերի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է 538 մլն դոլար՝ 10 ծրագրով։

Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան կտրամադրվի 300 մլն դրամ
Կառավարությունը ևս 4 տարով երկարաձգեց «Արփա–Սևան» ԲԲԸ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը՝ մինչև 2030 թվականը, նպատակ ունենալով ապահովել Սևանա լճի մակարդակի բարձրացումը և հիդրոհանգույցի անվտանգ շահագործումը։