Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները

Տարվա ընթացքում բացահայտվել են պետությանը և համայնքներին պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնասի դեպքեր։

ՀՀ-ում երթևեկության անվտանգության ապահովման շրջանակում 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 90,1 տոկոսը, եղել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ այս խիստ վարչարարությունը, չնայած տարբեր շահարկումներին, ունի հստակ արդյունք․ դրա շնորհիվ հնարավոր է եղել փրկել 95 մարդու կյանք ՀՀ ճանապարհներին։

Անդրադառնալով քրեական ոստիկանության աշխատանքին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում բացահայտվել են պետությանը և համայնքներին պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնասի դեպքեր։ Նրա խոսքով՝ հարուցվել են քրեական վարույթներ, ինչպես նաև իրականացվել է վնասի մի մասի վերականգնում։