Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելով, որ պետք է լինի համապատասխան դիմում և հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։
«Դիմելու և ներգրավված կողմերի հետ համաձայնեցման դեպքում ԿԽՄԿ-ն իր առաքելության շրջանակում պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,– ասաց Ամատունին։
ԿԽՄԿ ներկայացուցիչ խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր մանդատի շրջանակում շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, մասնավորապես՝ անհետ կորած և պահվող անձանց խնդիրների շուրջ։
«Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության բացակայության պատճառով երկխոսությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով»,– նշեց Զառա Ամատունին։
Հիշեցնեն պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:


