ABNews

ԿԽՄԿ-ն մինչև տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագրերը սահմանամերձ համայնքներում

Լուրեր | 2026/09/10 11:44

ԿԽՄԿ-ն մինչև տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագրերը սահմանամերձ համայնքներում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մինչև տարեվերջ կավարտի Հայաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ որոշումը պայմանավորված է սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի կայունացմամբ։

Նրա խոսքով` վերջին ավելի քան 10 տարիներին ԿԽՄԿ-ն տարբեր ծավալներով աշխատել է Հայաստանի 5 մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արարատում։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո աշխատանքներն առավել ակտիվացել են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի սահմանամերձ դարձած բնակավայրերում։

«Ինչ վերաբերում է մեր առաքելության ավարտին այս սահմանամերձ վայրերում, դա, բնականաբար, կապված է իրավիճակի ավելի կայունացման հետ։ Մի կողմից՝ չկա այն սուր իրավիճակը, երբ մարդիկ անմիջական կարիքներ ունեն և դրանք այլ կերպ հոգալու հնարավորություն չունեն, մյուս կողմից՝ անցել ենք որոշակի կայունացման փուլ»,– ասաց Ամատունին։

Այս տարիներին, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, սահմանամերձ համայնքներում իրականացրել է տնտեսական աջակցության տարբեր ծրագրեր՝ հողերի մելիորացիայից և սերմացուի տրամադրումից մինչև առանձին խոցելի ընտանիքների փոքր տնտեսությունների աջակցություն։ 2023 թվականից ծրագրերում ընդգրկվել են նաև Արցախից բռնի տեղահանված և այդ մարզերում բնակություն հաստատած ընտանիքները։

«Մեր ներկայությունը, մեր մարդասիրական աշխատանքներն ու մանդատը տարածվելու են այլ մարդասիրական խնդիրների վրա, որոնցից է, օրինակ, անհետ կորածների հարցը, անհետ կորածների ընտանիքների հետ աշխատանքը, իշխանությունների հետ մարդասիրական երկխոսությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացման հարցում, մեր համագործակցությունը զինված ուժերի հետ»,– նշել է Ամատունին։

ԿԽՄԿ-ն շարունակելու է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացումը, որպեսզի այն որպես տեղական առաջին արձագանքող կարողանա աջակցել բնակչությանը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը