ABNews

Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ (տեսանյութ)

Լուրեր | 2026/05/14 14:49

Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ։ Oպերատիվ-հետախուզական միջոցառումները նպատակ են ունեցել բացահայտելու լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերը։ Նշենք, որ միջոցառումները տվել են շոշափելի արդյունքներ:

Միջոցառումների արդյունքում մասնավորապես արձանագրվել է, որ 2 տնտեսվարող սուբյեկտ, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել են կրիպտոակտիվների  առուվաճառքի գործունեությամբ։ Նշված դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝  վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։

Մյուս բացահայտման ժամանակ պարզվել է, որ 14 ֆիզիկական անձ, առանց պետական գրանցման, զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ մի մասն իրականացրել է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կազմվել են արձանագրություններ և ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ ապօրինի գործունեության մասով անձանց վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Ընդ որում, այս ոլորտում արձանագրվել է նաև առերևույթ տնտեսական հանցագործության մեկ դեպք: Այս առնչությամբ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով` հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Յոթ հարկ վճարողի նկատմամբ էլ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր։ Վերջիններս պարտավորվել են ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ հայտարարագրելով նախկինում թերհայտարարագրված շրջանառությունները։

Հարկ է նշել, որ այս բացահայտումների առնչությամբ, կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ ստացված տեղեկատվությունները փոխանցվել են նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։

Ոլորտում օրինականության ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում կրիպտոակտիվների շուկայում գործունեություն ծավալող անձանց նկատմամբ: Եվ, ըստ այդմ, կոմիտեն հորդորում է  կրիպտոակտիվի առուվաճառքով զբաղվող կամ այս ոլորտում ծառայություններ մատուցող անձանց «Կրիպտոակտիվների մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խստագույնս պահպանել։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը