ABNews

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրի, անվտանգության և վիզաների ազատականացման հարցերը

Լուրեր | 2026/11/20 11:08

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրի, անվտանգության և վիզաների ազատականացման հարցերը

Կայացել է Հայաստան–Եվրոպական միություն Գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեն։ Հանդիպման ընթացքում կողմերը գնահատել են ՀԸԳՀ-ի և գործընկերության ռազմավարական օրակարգի ընթացքը, առևտրատնտեսական աջակցության ծրագրերն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Ինչու է դա կարևոր. Նիստը վերահաստատում է ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացումը բազմաթիվ ուղղություններով՝ հայկական արտահանման շուրջ 80%-ի համար ԵՄ շուկա անմաքս մուտքի ապահովումից և «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդլայնումից մինչև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում ՀՀ զինված ուժերին ցուցաբերվող 30 մլն եվրոյի աջակցությունն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները։

Գործընկերության կոմիտեի 7-րդ նիստի առանցքային մանրամասները.

  • Ռազմավարական օրակարգ և գագաթնաժողովների արդյունքներ.

    • Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը։

    • ԵՄ-ն բարձր է գնահատել մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի հաջող հյուրընկալումը. վերահաստատվել է գագաթնաժողովի համատեղ հռչակագրի իրագործման հանձնառությունը։

    • ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները՝ որպես երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրություն։

  • Ֆինանսական աջակցություն, առևտուր և կապակցվածություն.

    • Ողջունվել է 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի առաջընթացը, որն ամրապնդվել է լրացուցիչ 18 մլն եվրոյով։

    • Հայաստանը երախտագիտություն է հայտնել ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընդունման համար, որոնց շնորհիվ առաջիկա երկու տարում դեպի ԵՄ արտահանվող հայկական ծագման ապրանքների շուրջ 80%-ը կօգտվի անմաքս մուտքի հնարավորությունից։

    • Ընդգծվել է տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ուղղություններով ՀՀ–ԵՄ կապակցվածության գործընկերության առաջընթացը։

  • Վիզաների ազատականացում և բարեփոխումներ.

    • Կողմերը ողջունել են Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացը՝ վերահաստատելով բոլոր չորս ուղղություններով համագործակցությունը։

    • ԵՄ-ն դրական է գնահատել իրավունքի գերակայության, արդարադատության, իրավապահ համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի ջանքերը։

    • Մտքեր են փոխանակվել նաև հետազոտության և նորարարության, շրջակա միջավայրի, կլիմայի, քաղաքացիական պաշտպանության, կրթության, սպորտի, մշակույթի, զբաղվածության, սոցիալական քաղաքականության, վիճակագրության, մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության շուրջ։

  • Անվտանգություն և տարածաշրջանային հաղորդակցություններ.

    • Ողջունվել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո ՀՀ զինված ուժերին մինչ օրս տրամադրված 30 մլն եվրոյի աջակցությունը՝ կարևորելով այդ շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը։

    • Քննարկվել է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համագործակցությունը, ողջունվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության գործունեության մեկնարկը և վերահաստատվել ՀՀ-ում ԵՄ առաքելության ներդրումը տարածաշրջանային կայունության գործում։

    • Կարևորվել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունների վերաբացումը՝ հավասարության, փոխադարձության և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության հարգման սկզբունքներով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը